ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:
Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
Առանց հայտորոշման
ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ
ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների
վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել
ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):
- Ուսուցչի կողմից արդյունավետ
հետադարձ կապի ապահովում:
- Սովորողների ակտիվ
մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
- Ուսուցման գործընթացի ճշգրտում և
շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
- Գնահատման՝ սովորողների
մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր
հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
- Սովորողների կողմից իրենց
գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:

Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն
է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝
ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն
ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող
գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի
հնարներով:
Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի
գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության
նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը
ուսուցման նպատակի ձևակերպումն է:
Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛
ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի
իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու
գնահատման ընտրությունը:
Յուրաքանչյուր դասին
ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.
· Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:
· Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
· Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:
· Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման
մեթոդներում:
Գոյություն ունեն
սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.
· ուսուցման նպատակների և արդյունքների ընկալում,
· սովորողների կողմից գնահատման չափանիշների ընկալում,
·
ուսուցչի կողմից համապատասխան հնարների
կիրառում:
Դասի նպատակի ընկալումը
թույլ է տալիս սովորողին դառնալ գործընթացի կազմակերպման գործուն մասնակիցը:
Վերջնարդյունքները ևս պետք է հասկանալի լինեն սովորողներին՝ նրանց դարձնելով
գնահատման չափանիշների մշակման մասնակից: Նպատակներն ու ակնկալվող արդյունքները
պետք է ակնառու ներկայացված լինեն (գրատախտակին, պաստառին, էկրանին և այլն),
որպեսզի ուսուցիչն ու սովորողները հնարավորություն ունենան անդրադառնալու դրանց և
ստուգելու իրենց ձեռքբերումները:
Ձևավորող գնահատումը
ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ
գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության
բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս
պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է
տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:
Comments
Post a Comment