Ինչպես գիտենք, ձևավորող գնահատումը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում` արդյունքները բարելավելու նպատակով:
Ձևավորող գնահատում իրականացնելիս անհրաժեշտ է վերհանել սովորողների կարիքները.
- Յուրացրե՞լ են թեման, թե՞ ոչ:
- Կարելի՞ է արդյոք անցնել մյուս բաժինն ուսումնասիրելուն:
- Ո՞վ ունի լրացուցիչ օգնության կարիք:
- Ի՞նչը պետք է փոխել կամ վերանայել դասի պլանավորման և դասավանդման
- մեթոդիկայում:
Ձևավորող գնահատման գործիքները բազմազան են, և ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է կիրառել նպատակային և հետևողականորեն: Կարելի է սկսել ձևավորող գնահատման ոչ ժամանակատար, ամենօրյա գործածության համար հարմար գաղափարներից:
Գաղափար 1. Արդյունավետ սկիզբ և ավարտ
Կարևոր է դասի համար ապահովել արդյունավետ սկիզբ և ավարտ՝ օգտագործելով առաջին և վերջին 5 րոպեները: Տալիս ենք հարցեր անցած թեմայից կամ կիրառում կարճ հարցաշար: Ընդ որում, եթե էլեկտրոնային ռեսուրսները բավարար չեն, կարելի է խնդրել սովորողներին փոքրիկ թղթիկների վրա գրել յուրացրած և ոչ այնքան լավ յուրացրած հարցերը, գաղափարները և գցել երկու տարբերակված արկղիկների մեջ: Սա կօգնի հստակեցնել թեմայի յուրացման ամբողջական պատկերը:
Իսկ եթե հնարավորություն կա օգտագործելու Google Forms, Poll Everywhere, Edulastic հարթակները, ժամանակի մեծ տնտեսում կլինի:
Դասի ավարտին սովորողները կարող են «3-2-1» մեթոդով անդրադառնալ իրենց աշխատանքին և ձեռքբերումներին, նշելով՝ 3 բան, որ յուրացրել են, 2 բան, որոնց մասին կուզեին ավելին իմանալ և 1 բան, որ չեն հասկացել:
Ապա սովորողները կարող են շրջել սենյակում և ծանոթանալ միմյանց նշումներին, լրացումներ կատարել իրենց թերթիկներում: Կարելի է նաև սովորողներին առաջարկել ինքնագնահատման հարց՝ «Ի՞նչը ես այլ կերպ կանեի հաջորդ դասին»:
Գաղափար 2. Նվազ ազդեցություն ունեցող թեստեր
Թեստերի կիրառումը արագ հետադարձ կապի հնարավորություն է տալիս և օգնում է լավ հասկանալ սովորողների կողմից հիմնական եզրույթների, տվյալների և գաղափարների յուրացումը:
Կան հավելվածներ, օրինակ՝ Zipgrade-ը (https://www.zipgrade.com/), որոնց օգնությամբ կարելի է արագ դուրս բերել թեստային թերթիկները և կիրառել: Նվազ ազդեցության թեստերի կիրառումը հարմար է նրանով, որ դրանց արդյունքները չեն ազդում կիսամյակի գնահատականի ձևավորման վրա, այլ յուրաքանչյուր սովորողի համար բացահայտում են, թե թեմայի իմացության ինչ մակարդակ ունեն տվյալ պահին:
Գաղափար 3. «Մեծ եղբայրդ հետևում է քեզ»
Ուսումնառության արդյունքները կարող են հեշտ չափելի լինել, անգամ եթե սովորողներին նման առաջադրանքներ են տրվում.
- Ընկերոջդ նամա՛կ գրիր, որում բացատրում ես անցած թեմայի հիմնական
- գաղափարները:
- Նկարի՛ր պատկեր, որը ակնառու կդարձնի թեման:
- Մտածի՛ր նյութի շուրջ և հետո քննարկի՛ր ընկերոջդ հետ:
Ուսուցիչը շրջում է դասարանում, նշումներ է անում կամ լրացնում է նախապես պատրաստած դիտարկման թերթիկը, որն ավելի հարմար է և հնարավորություն է տալիս ավելի նեղացնելու սովորողներին ուսումնասիրելու դիտանկյունը և կատարել արդյունավետ գրառումներ:
Գաղափար 4. Ձևաչափը՝ հարցազրույց
Որպեսզի սովորողներն ավելի խորանան ուսումնասիրվող թեմայի մեջ, կարելի է օգտագործել հարցազրույցի, բանավեճի և քննարկման ձևաչափերը: Կարելի է կազմակերպել նաև 3-րոպեանոց անհատական հարցազրույցներ սովորողների հետ: Սրա համար կարիք կլինի շատ ժամանակ ծախսել, սակայն հարկ չկա հարցազրույց անցկացնել բոլոր թեմաների և նախագծերի ժամանակ:
Որպես այլընտրանք՝ կարելի է սովորողներին բաժանել զույգերի և տալ հետադարձ կապի տարբերակ.
- Ասել ընկերոջը, թե ինչն իրեն դուր եկավ նրա ելույթում:
- Տալ մեկ հարց և պարզաբանել, թե ինչպես կարելի է բարելավել պատասխանը:
- Ինքնամփոփ սովորողների համար կարելի է օգտագործել Flipgrid, Explain Everything, կամ Seesaw, հավելվածը, որը հնարավորություն կտա պատասխանները գրել նախապես:
Գաղափար 5. Արվեստ
Այն միջոցները, որոնք նախատեսում են դիտազննական ռեսուրսների շուրջ աշխատանք, նույնպես կարող են ձևավորող գնահատման գործիքներ դառնալ: Սովորողները կարող են նկարել, կոլաժներ և քանդակներ ստեղծել, ինչը նրանց հնարավորություն կտա միավորել անցած նյութը մեկ ամբողջության մեջ: Նրանք կարող են բեմականացում ներկայացնել որևէ գրական թեմայով կամ անգամ պարով ցուցադրել բջիջների բաժանումը, ծաղկի բացվելը, բույսերի ծլելը և այլն:
Ձևավորող գնահատման գործիքները տարբեր են, և յուրաքանչյուր դասավանդող կարող է ընտրել իրեն և իր դասարանին առավել հարմարը: Կարևորն այն է, որ ձևավորող գնահատումը բարձրացնի յուրաքանչյուր սովորողի՝ իր իսկ ձեռքբերումների, առաջընթացի գիտակցումը, իսկ դասավանդողին հնարավորություն տա ժամանակին փոխելու ուսուցման ընթացքը, հասկանալու սովորողների կարիքները` ամփոփիչ գնահատմանը ավելի պատրաստ դարձնելու համար:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամ, գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետներ
Comments
Post a Comment