Ձևավորող գնահատման 9 հնար

 ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ 9 ՀՆԱՐ

 Ձևավորող գնահատումն օգնում է ուսուցչին ընթացիկ արդյունքների հիման վրա նախանշել իր և սովորողների քայլերը: Ուսուցչի քայլերի ճշգրտումը և զարգացնող առաջադրանքների կիրառումը օգնում են բարելավել սովորողների ձեռքբերումները:

Դասի յուրաքանչյուր փուլում ուսուցիչը ժամանակ առ ժամանակ հարցերի, դիտարկումների միջոցով պետք է ստուգի, թե արդյոք սովորողները չեն շեղվել նախատեսված նպատակներին տանող ուղուց:

Ստորև ներկայացված են մի քանի հնարներ, որոնք կօգնեն սովորողներին և ուսուցիչներին՝ ձեռքբերումները, դժվարությունները ու բացթողումները բացահայտելու, անհրաժեշտ ճշգրտումներ անելու, առաջադրանքները հնարավորինս հասկանալի դարձնելու և անսխալ կատարելու համար։ Այս հնարները լավ միջոց են նաև սովորողների ինքնուրույն աշխատանքը խթանելու, ինչպես նաև կազմակերպելու ինքնագնահատում և փոխադարձ գնահատում։

 

«Ջերմաչափում»

Այս մեթոդը նպատակ ունի բացահայտելու, թե սովորողները որքանով ճիշտ են կատարում հանձնարարությունը։ Աշխատանք կատարելու ընթացքում մի պահ դադար է տրվում. ուսուցիչը հարցնում է «Ի՞նչի վրա էիք աշխատում»։ Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է այն աշխատանքը, ինչը ինքը մինչ այդ պահը կատարել է։ Պարզ է դառնում, թե սովորողները որքանով են հասկացել հանձնարարությունը կամ դրա կատարման ընթացքը։ Զույգերով կամ խմբերով աշխատելու պարագայում ուսուցիչը դիմում է որևէ զույգի կամ խմբի՝ ասելով, որ ցուցադրեն իրենց աշխատանքի ընթացքը։ Մյուս զույգերը կամ խմբերը դիտում են և հասկանում, թե իրենցից ինչ է պահանջվում կատարել։Այս մեթոդը շատ կարևոր է, քանի որ փորձը ցույց է տվել, որ սովորողների մեծ մասը առաջադրանքը կատարելիս դժվարություններ է ունենում ոչ թե այն պատճառով, որ թեման չգիտի, այլ չի հասկանում առաջադրանքի պահանջը, ուսուցչի հրահանգը կամ կատարման ընթացքը։ Խորհուրդ է տրվում հաճախակի կիրառել այս հնարը, որը ժամանակատար չէ և նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 

«Հարցադարան»

Հարցադարանը ներառում է մի շարք հարցադրումներ, որոնք դասի ժամանակ ուղղվում են այս կամ այն սովորողին կամ սովորողների  որոշակի խմբին և օգնում են ուսուցիչներին որոշել, թե որ գիտելիքը կամ հասկացությունը չյուրացվեց սովորողների կողմից։ Կիրառվում են հարցադրման մի շարք տարբերակներ, հատկապես ընդարձակ պատասխաններ պահանջող՝ սովորողներից անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով։

Ուսուցիչը դասարանը բաժանում է 4-հոգանոց խմբերի։ Յուրաքանչյուր խմբի սեղանին դրվում է քարտ` հետևյալ հարցերով

-       Ի՞նչ նոր բան այսօր իմացաք։

-       Ո՞ր տեղեկությունն էր ավելի հետաքրքիր։

-       Ի՞նչն էր դժվար։

-       Ի՞նչը խանգարեց աշխատանքին և ինչու՞։

Վերջում, ուսումնասիրելով քարտերը, ուսուցիչը համապատասխան եզրահանգումներ է անում։


«Գիտելիքների բուրգ»

 

Դասի ժամանակ՝ նոր նյութի համատեղ ուսումնասիրությունից հետո, ուսուցիչը սովորողներին առաջարկում է ստեղծել իրենց գիտելիքների և հմտությունների բուրգը, այսինքն՝ ինչ սովորեցին և ինչ կարող են անել դասի տվյալ փուլում։ Այդ նպատակով յուրաքանչյուր սովորող թղթի վրա պատկերում է բուրգ՝ ուսուցչի տված օրինակով, բուրգի ամեն մի հատվածում գրում է նախադասություններ, որոնց միջոցով արտահայտում է տվյալ թեմային վերաբերող իր գիտելիքները, օրինակ՝ դրանք կարող են լինել հետաքրքիր փաստեր, օգտակար տեղեկություններ, ինքնատիպ առաջադրանքներ, դրական հույզեր:



Ապա այդ թղթերը կախում են դասարանի պատին։ Բոլոր սովորողները հերթով մոտենում են թղթերին և կարդում գրածները։ Վերջում անդրադառնում են գրված մտքերին, խմբավորում և ամփոփում։

 

«Ադամանդների հիերարխիան»

 

Սովորողները քարտի կամ կպչուն թղթերի վրա մշակում կամ նախապես գրի են առնում տվյալ դասի թեմայի շուրջ 9 գաղափար։ Սովորողները քարտերը դասավորում են վերևից ներքև ըստ կարևորության՝ հետևյալ սկզբունքով. 1-ին տողում ընտրում և փակցնում են 1 քարտ, 2-րդ տողում փակցնում են 2 քարտ, 3-րդ տողում՝ 3 քարտ, 4-րդ տողում՝ 2 քարտ և 5-րդ տողում՝ 1 քարտ։

Քարտերը ստանում են ադամանդի տեսք և դասավորվում ըստ գաղափարների առաջնահերթության։ Աշխատանքը կարող է իրականացվել անհատական, զույգով կամ խմբով։


«Խմբագրական խորհուրդ»

 

Շարադրության խմբագրման ժամանակ ուսուցիչը նախապես գրատախտակի վրա գրում է չափանիշները։ Բոլոր սովորողները հանդես են գալիս որպես խմբագրողներ, իսկ սովորողներից մեկն իր ցանկությամբ գնում է գրատախտակի մոտ՝ ստանձնելով իր գրած շարադրության ներկայացնողի դերը։ Խմբագրողներն ուշադիր լսում են գրավոր շարադրանքը և հենվելով գրատախտակի վրա նշված չափանիշների վրա՝ նշում են սովորողի աշխատանքի արժանիքները և առաջարկություններ են անում՝ շարադրության բովանդակությունը բարելավելու համար։ Երբ սովորողը լսում է խմբագրողների առաջարկությունները, նստում է և ուղղումներ կատարում իր աշխատանքում։ Սա սովորողներին շարադրություն գրելուն նախապատրաստելու շատ հարմար միջոց է։

 

«Արտաքին և ներքին շրջաններ»

Սովորողները կազմում են 2 շրջան՝ արտաքին և և ներքին, այնուհետև  կանգնում են դեմ - դիմաց և ուսումնասիրվող թեմայից միմյանց հարցեր են ուղղում։ Հարցերի պատասխանը ստանալուց հետո արտաքին շրջանի սովորողները տեղափոխվում են ժամսլաքի ուղղությամբ, կազմում նոր զույգեր և կրկին միմյանց հարցեր ուղղում։

Այդ ընթացքում ուսուցիչը դիտարկումներ է անում և նշում սովորողների թյուրընկալումներն ու դժվարությունները՝  հետագայում դրանց անդրադառնալու և շտկումներ կատարելու համար։

 

«Չորս անկյուններ»

Թեմայի քննարկումից առաջ ուսուցիչը դասարանի անկյուններում փակցնում է նախապես պատրաստված 4 ցուցանակներ.

Անկյուն 1. Լիովին համաձայն եմ:

Անկյուն 2. Համաձայն եմ:

Անկյուն 3. Համաձայն չեմ:

Անկյուն 4. Բացարձակապես համաձայն չեմ:

Ուսուցիչը սովորողներներին ասում է, որ թեմայի շրջանակում հնչեցնելու է պնդումներ կամ տեսակետներ: Լսելուն պես սովորողները ծանր ու թեթև են անում հնչեցված պնդման հանդեպ իրենց վերաբերմունքն ու  տեղավորվում են դասարանի չորս անկյուններում՝ ըստ թեմայի կամ մտքերի նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքի: Այնուհետև ուսուցիչը հնչեցնում է մյուս պնդումը կամ տեսակետը, սովորողները կրկին լսում են և տեղավորվում են ըստ իրենց վերաբերմունքի համապատասխան անկյունում: Ուսուցիչը առաջարկում է քննարկել թեմայի շրջանակում հնչած տեսակետները, իսկ սովորողները հիմնավորում են իրենց ընտրությունը: Քննարկման արդյունքում նրանք կարող են փոխել անկյունը: Ցուցանակները կարող են պահվել կրկին այլ թեմաներում կիրառելու համար:

  «Երեքրոպեանոց դադար»

 Այս հնարքը սովորողներին հնարավորություն է տալիս կանգ առնելու, խորհելու նոր նյութին առնչվող մտքերի, հասկացությունների շուրջ: Դադարն օգնում է նոր նյութը կապել նախորդ նյութերից ստացած գիտելիքների և փորձառության հետ: Սովորողներին առաջարկվում են հետևյալ արտահայտությունները.


«Ելքի քարտեր»


Ելքի քարտերի միջոցով դասի ավարտին հավաքագրվում են սովորողների պատասխանները։ Հիմնվելով պատասխանների վրա՝ ուսուցիչը կառուցում է հաջորդ դասը, որպեսզի առանձնացնի և անդրադառնա չյուրացված հասկացություններին, գաղափարներին։

Ելքի քարտերի օրինակներ՝


 
  

Երբեմն դասի սկզբում, երբ ուսուցիչը ցանկանում է հասկանալ, թե ինչ են յուրացրել սովորողները նախորդ դասից, կիրառվում են մուտքի քարտեր։

 Մուտքի քարտի օրինակ՝



Կազմեցին Կարինե Պողոսյանը, Սաթենիկ Հայթյանը

                                                      

 

 

 

 

 

 

 


Comments

  1. Շատ հետաքրքիր և ակտիվացնող հնարներ են, անպայման կկիրառեմ իմ դասաժամերին։

    ReplyDelete
  2. Շատ արդյունավետ ու աշակերտների աշխուժությունն ու ակտիվությունն ապահովող հնարներ։ Շնորհակալություն օգտակար նյութի համար։

    ReplyDelete
  3. Շնորհակալություն։Շատ հետաքրքիր և օգտակար հնարներ են։

    ReplyDelete

  4. Շատ օգտակար հնարներ են:Շնորհակալ ենք:

    ReplyDelete
  5. Ինձ դուր եկավ...,փորձելու եմ

    ReplyDelete
  6. Հետաքրքիր է ու կիրառելի։

    ReplyDelete

Post a Comment