ՄԻԱՍԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆՔ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (Մաս առաջին)
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված
ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:
Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական
գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝
հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը
ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ
լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող
անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն
իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման
հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր
մակարդակի:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից
գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա
աշխատանքում (Գծակարգ):
·
Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի
ապահովում:
· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական
ուսումնառության գործընթացին:
· Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝
հաշվի առնելով գնահատման արդյունքները:
· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
· Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:
Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:
Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:
Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:
Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.
· Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:
· Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
· Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:
· Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման մեթոդներում:
Գոյություն ունեն սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.
- ուսուցման
նպատակների և արդյունքների ընկալում,
- սովորողների
կողմից գնահատման չափանիշների ընկալում,
- ուսուցչի կողմից համապատասխան
հնարների կիրառում:
Դասի նպատակի ընկալումը թույլ է տալիս սովորողին դառնալ գործընթացի
կազմակերպման գործուն մասնակիցը: Վերջնարդյունքները ևս պետք է հասկանալի լինեն
սովորողներին՝ նրանց դարձնելով գնահատման չափանիշների մշակման մասնակից:
Նպատակներն ու ակնկալվող արդյունքները պետք է ակնառու ներկայացված լինեն
(գրատախտակին, պաստառին, էկրանին և այլն), որպեսզի ուսուցիչն ու սովորողները
հնարավորություն ունենան անդրադառնալու դրանց և ստուգելու իրենց ձեռքբերումները:
Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի
անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի
բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին
հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման
գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և
դժվարությունների մասին:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամ, գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետներ
Comments
Post a Comment