Գնահատման անիվ (ՁԳ գործիք)

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆԻՎ

Գնահատման անիվը ունիվերսալ գործիք է, որը կարող է կիրառվել ամենատարբեր նպատակներով՝ ինքնագնահատում կամ փոխադարձ գնահատում իրականացնելու, ակնկալիքների կամ թեմայի/դասանյութի յուրացման աստիճանը որոշելու համար և այլն:


Գնահատման անիվի կիրառման ընթացքը կարող է լինել այսպիսին. 

Քայլ 1. Որոշվում է, թե ինչն է գնահատվում (թեմայի կամ դասանյութի յուրացումը, ակնկալիքները դասից, թեմայի ուսումնասիրությունից և այլն):

Քայլ 2. Որոշվում է, թե ինչ չափանիշներով է իրականացվում գնահատումը (ցանկալի է, որ դրանք 10-ից ավելի չլինեն, և դրանց սահմանմանը մասնակցեն նաև սովորողները/խմբի անդամները): Չափանիշները գրվում են ցանկով և համարակալվում: Օրինակ՝ որևէ աշխատանքի ընթացքի և արդյունքների ինքնագնահատման համար կարելի է առանձնացնել հետևյալ չափանիշները.

1.      խանդավառությունը

2.      անձնական ներդրումը

3.      ընկերների աջակցությունը

4.      կանոնների պահպանումը

5.      նպատակին հասնելը

6.      նոր ձեռքբերումները

7.      հրահանգներին հետևելը

8.      ռեսուրսների բազմազանությունը

Քայլ 3. Պատկերվում է շրջանագիծ և յուրաքանչյուր չափանիշի համար գծվում է մեկ անվաճաղ, որը համապատասխանում է այդ համարի չափանիշին:



Քայլ 4. Շրջանի կենտրոնում նշվում է 0 թիվը, իսկ անվաճաղերի և շրջանագծի հատման կետերում՝ 10 թիվը՝ յուրաքանչյուր անվաճաղ դարձնելով 10-բալանոց սանդղակ:

Քայլ 5. Յուրաքանչյուր սովորող/խմբի անդամ (կամ խումբը) ըստ առանձին չափանիշների նշում է անում անվաճաղերի վրա՝ ցույց տալով, թե տվյալ չափանիշը որքանով է իրագործվել:

 

 

Կիրառություններ և մեկնաբանություններ

 

ü  Ինքնագնահատման կամ անհատական գնահատման արդյուքները ամրագրելու նպատակով արվող գնահատման ժամանակ առավել նպատակահարմար է անհատական անիվներ գործածել: Յուրաքանչյուր գնահատող կարող է իր համար նկարել անիվը և անհատապես գնահատել:

ü  Կարելի է գնահատումն իրականացնել թափանցիկ պլաստիկ թերթի (կամ սովորական թափանցաթերթի/ֆայլի) վրա գծված անիվի օգնությամբ, ապա սովորողների լրացրած անիվները իրար վրա դնելով՝ համադրել ինքնագնահատման արդյունքները:

 



ü  Կարելի է նաև բոլորի համար մեկ մեծ անիվ նկարել ֆլիպչարտի վրա, և բոլորն իրենց գնահատման նշումներն անեն մեկ անիվի վրա: Յուրաքանչյուր սովորող կարող է իր համարը գրել անվաճաղի վրա: Այդպես գնահատման արդյունքներն ավելի ակնառու կլինեն և համադրելի:



 Կազմեցին Լուսինե Ալեքսանյանը, Աստղիկ Բալայանը

Comments