Խոսքի զարգացում_դերային խաղ (ՁԳ)

    


Հղում_Խոսքի զարգացում_դերային խաղ (ՁԳ)_սահիկաշար

Ձևավորող գնահատման հիմնական նպատակը ուսուցման և ուսումնառության բարելավումն է, ինչը հնարավոր է սովորողի՝ սեփական կրթության մեջ ակտիվ դերակատարում ունենալու պարագայում: Մասնակիցը լինելով սեփական ուսումնառության պլանավորման, իրականացման և վերլուծության փուլերին՝ սովորողը նպատակային սովորում է սովորել: 

    Գործնական աշխատանքը ընթացիկ գնահատման արդյունավետ տեսակներից է և ապահովում է Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանված 8 առանցքային կարողունակությունների զարգացումը: Գործնական աշխատանքներ կիրառվում են բոլոր ուսումնական առարկաների շրջանակում՝ դրանք անպայմանորեն կառուցելով առարկայի չափելի վերջնարդյունքների վրա:

    Գործնական աշխատանքների դասակարգման հիմքում դրվում է սովորողի գործունեության ձևը, և ըստ այդմ գործնական աշխատանքները բաժանվում են 3 խմբի՝

  • վերարտադրողական, որոնք հնարավորություն են տալիս ցուցադրելու՝ ինչ է սովորել և ինչ է կարողանում անել սովորողը (օրինակ՝ քարտեզի վրա ցույց տալ քաղաքներ, գետեր, լճեր և այլն), 
  • մասամբ որոնողական, երբ սովորողը պետք է ոչ միայն ցույց տա՝ ինչ է սովորել և ինչ է կարողանում, այլև կատարի լրացումներ, լուծի իրեն առաջադրված խնդիրը (օրինակ՝  տրված տեղանունները, գետերը, լճերը և այլն պայմանական նշաններով պատկերել քարտեզի վրա),
  • ստեղծագործական, երբ սովորողը ինքը պետք է ինքնուրույն կամ խմբի անդամների հետ լուծում գտնի առաջադրված խնդրի համար՝ ցուցադրելով կարողունակությունների զարգացման որոշակի մակարդակ (օրինակ՝ կազմել տեղանքի քարտեզը, ինչի համար սովորողը պետք է դրսևորի ոչ միայն մեկ կամ մի քանի առարկաների, այլև վերառարկայական հմտություններ):

    Գործնական աշխատանքները բազմազան են՝ պաստառի ձևավորումից մինչև էքսկուրսիայի ընթացքում տեսածի ու լսածի ներկայացում աղյուսակի, ֆիլմի, ակնարկի տեսքով, երգի հորինումից մինչև նախագծի իրականացում, արդյունքների ներկայացում ու կիրառում: Նշված գործնական աշխատանքները կարող են իրականացվել ինչպես անհատապես, այնպես էլ խմբային աշխատանքի շրջանակում, դպրոցում, տանը կամ այլ վայրում, գնահատվել միավորով կամ բառային բնութագրումներով: Արդյունքները կարող են ներկայացվել սովորողի կամ սովորողների խմբի ընտրությամբ՝ նպատակից ելնելով:

    Որպես գործնական աշխատանքի տեսակ՝ դերային խաղն ունի կիրառման լայն հնարավորություններ և հաճախություն ուսումնական տարբեր առարկաների շրջանակում: Սակայն պետք է անկեղծորեն նշել, որ դերային խաղը ոչ միշտ է կիրառվում նպատակային կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, ոչ միշտ է լիարժեքորեն իրացվում դերային խաղի ներուժը: Այն իրականում շատ ավելի լուրջ ու լայն հնարավորություններ է տալիս յուրաքանչյուր սովորողի իմացական և հուզակամային որակների զարգացման, քննադատական մտածողության, իրավիճակում կողմնորոշվելու, ինքնարտահայտվելու և ինքնադրևորվելու համար: Պետք է իրավամբ նշել, որ դերային խաղն իր մեջ ամփոփում է գործնական աշխատանքների բոլոր երեք՝ վերարտադրողական, որոնողական և ստեղծագործական տեսակների տարրեր:

    Դերային խաղին պետք է վերաբերվել ոչ թե ժամանցի, այլ գործանական բազմափուլ աշխաանքի, որի յուրաքանչյուր փուլ լուծում է կոնկրետ նպատակներ: Հետևաբար, անհրաժեշտ է հանգամանորեն պլանավորել դերային խաղը՝ նախապես սահմանելով նպատակ, ձևակերպելով չափելի վերջնարդյունքներ: 

    Առանձնացվում է դերային խաղի 2 տեսակ՝ ուղղորդված և հանպատրաստից՝ դասակարգման հիմքում դնելով սովորողների ակտիվ կամ պասիվ որոշում կայացնելու հանգամանքը: Ուղղորդված դերային խաղի արդյունավետությունը ապահովելու համար դրանք պետք է լինեն մանրակրկիտ ծրագրված և լավ ուղղորդված: Կարևոր է առաջադրանքը սկսելուց առաջ անդրադառնալ հետևյալ հարցերին․
Ինչի՞ն է նպաստում դերախաղի կազմակերպումը:
Որո՞նք են դերախաղի նպատակն ու խնդիրները:
Որո՞նք են դերախաղի ընդհանուր կանոնները:
Որո՞նք են դերախաղի փուլերը:

    Հանպատրաստից դերախաղի դեպքում հակառակը՝ պետք է ապահովել սովորողների առավելագույն ազատություն: 

    Դերախաղերը սովորաբար իրականացվում են 3 փուլով՝ նախապատրաստման, բուն խաղի և անդրադարձի:

Առաջին՝ նախապատրաստման փուլում քննարկվում են այն կանոնները, որոնք պետք է պահպանվեն դերային խաղի ընթացքում: Բաժանվում են դերերը, նշանակվում են դիտորդները և ստանում դիտարկման հստակ առաջադրանք։ Դերակատարները կարդում/մտածում են իրենց դերերի մասին:

Երկրորդ՝ խաղի փուլում խաղացողները ստանձնում են իրենց դերերը և կատարում դրանք՝ կախված իրավիճակից՝ կիրառելով ձեռք բերված հմտությունները։ Մյուսները կատարում են իրենց  դիտորդական հանձնարարությունը: 

Երրորդ՝ անդրադարձի փուլում խաղացողներն առաջին հերթին արտահայտում են խաղի ընթացքում իրենց ունեցած զգացմունքները: Դիտորդները ներկայացնում են իրենց դիտարկումները: Հետո խոսվում է դերախաղի ժամանակ կայացրած որոշումների ու գործողությունների մասին, և աշխատանքն ամփոփվում է եզրակացություններով։

    Ցանկացած դերաղի համար կան հստակ կանոններ, որոնց պահպանումը հնարավորություն կտա արդյունավետ աշխատելու և հետագայում էլ բարելավելու արդյունքները, ինչն էլ հենց ձևավորող գնահատման նպատակն է: Այդ կանոններից են, օրինակ, որ ուսուցիչը ակտիվ դեր չի խաղում դերային խաղի մեջ: Նա հոգ է տանում, որ մասնակիցները պահպանեն սահմանված կանոնները, հետևում է ընթացքին և անհարկի չի միջամտում դերախաղին: Կամ՝ որ մասնակիցները որևէ դեր ստանձնելու պարտավորություն չունեն, կարող են ընտրել դեր կամ լինել դիտորդ: Կարևոր կանոն է, որ սովորողները հստակ տարանջատեն խաղի կերպարին դերակատարից և այլն: 

    Դերախաղի արդյունավետությունը ապահովելու համար հարկավոր է, որ ուսուցիչը հասկանալի և պարզ ձևակերպի խաղի հրահանգները, դերերի վերաբերյալ ցուցումները շարադրի այնպես, որ սովորողները անձնական նախաձեռնության հնարավորություն ունենան: Միաժամանակ այնպիսի պահանջներ դնի, որոնք կնպաստեն դերախաղի միջոցով ուսումնական նպատակին հասնելուն, խաղն ընտրի տարիքային խմբին համապատասխան, նախապատրաստի համապատասխան պարագաներ և այլն։

    Բնականաբար, պետք է պատրաստ լինել, որ դերախաղը միշտ չէ, որ հարթ է անցնելու, հնարավոր է, որ կլինեն որոշակի դժվարություններ: Օրինակ՝ սովորողները կարող են կաշկանդվել խաղի ժամանակ։ Այս դեպքում անհրաժեշտ է նրանց ազատել սխալվելու վախից: Առաջադրանքին ընտելանալու համար սովորողներին որոշակի ժամանակ է անհրաժեշտ և կարիք չկա նրանց վրա ճնշում գործադրելու։ Եթե դերախաղերը պարբերաբար կազմակերպվեն, բոլոր սովորողները աստիճանաբար կգիտակցեն դրանց կարևորությունը: Հնարավոր է, որ սովորողները թերահավատորեն մոտենան դերախաղերին։ Պետք է նրանց բացատրել դերախաղերի կարևորությունը նաև ապագայում մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հարցում:

    Դերային խաղի գնահատումն իրականացվում է բոլոր այն չափանիշներին համապատասխան, որոնք սահմանված են բանավոր խոսքի համար: Թերևս այս դեպքում կարելի է որպես լրացուցիչ չափանիշ ավելացնել բեմական կամ դերասանական խաղը: Դերախաղի գնահատման սանդղակաշարը՝ ռուբրիկը ներկայացված չափանիշներին համապատասխան կներկայացնենք առանձին:

    Կարևոր է պահպանել ձևավորող գնահատման բաղադրիչների ամբողջականությունն ու հաջորդականությունը: Միշտ պետք է հիշել հետադարձ կապի մասին. առհասարակ ցանկացած աշխատանքից հետո անհրաժեշտ է քննարկել արդյունքները, որպեսզի սովորողները հնարավորություն ունենան արժևորելու աշխատանքի ստեղծագործական և ինքնատիպ մոտեցումները:

    Կարող եք դերային խաղի մասին իմանալ նաև տեսաձայնագրության միջոցով:



Comments