Հետադարձ կապ․ գնահատող բառերո՞վ, թե՞ բառային նկարագրով...

  
    Հետադարձ կապը ձևավորող գնահատման կարևոր բաղադրիչներից մեկն է, որը ուսուցման և ուսումնառության գործընթացում ունի դրական և կարևոր նշանակություն: Հետադարձ կապի օգնությամբ կարելի է սովորողների ձեռքբերումների առկա մակարդակը աստիճանաբար մոտեցնել ուսուցման սահմանված վերջնարդյունքներին:  

Ուսուցիչը, հետադարձ կապի միջոցով մատնանշելով սովորողի ձեռքբերումները, կարող է նպաստել  յուրաքանչյուր սովորողի՝ իր ուժերի նկատմամբ վստահության բարձրացմանը  և նրա ուսումնառության բարելավմանը:

Ձևավորող գնահատումը սովորողին հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացում ստանալ ճշգրիտ տեղեկատվություն ճիշտ ժամանակին:

Ուսուցիչն իր գործունեության ընթացքում արդյունավետ հետադարձ կապ ապահովելու համար կիրառում է սովորողների աշխատանքը գնահատող կամ նկարագրող բառեր: 

Գնահատող բառերով հետադարձ կապը սովորողին տրամադրվում է ընդհանուր մեկնաբանությունների տեսքով, և չի տրվում տեղեկատվություն այն մասին, թե ինչին պետք է ուշադրություն դարձնի սովորողը, ինչը փոխի, ինչու և ինչպես՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

Հաճախ գնահատող բառերով հետադարձ կապն իրականացվում է բանավոր՝ տեղեկացնելով ձեռքբերումների մասին կամ արժևորելով դրանք։

 Գնահատող բառերով հետադարձ կապի օրինակներ.

-         Գերազանց է:

-         Ճիշտ է, կեցցես:

-         Նույն սխալներն են:

-         Դու կարդացիր շատ լավ:

-         Քեզ մոտ ամեն ինչ ստացվեց:  

-         Դու հրաշալի աշխատանք կատարեցիր և այլն․․․

Խրախուսանքը կամ դիտողությունը, որն ուղղված է սովորողին, ոչ թե նրա ուսումնառությանը, կարող է բացասական ազդեցություն ունենալ: Ուսուցիչը, գովաբանելով կամ խրախուսելով «Դու ավարտեցիր առաջինը, ապրե՛ս», «Կեցցե՛ս» կամ այլ նմանատիպ արտահայտություններով, կարող է սովորողի ուշադրությունն ուսումնառության գործընթացից տեղափոխել իր անձին, օրինակ՝ «Ուսուցիչը կարծում է, որ ես խելացի եմ»: Իրականում սովորողը պետք է մտածի այն մասին, թե ինչ է ասում ուսուցիչն իր ուսումնառության, այն է՝ ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ։

Յուրաքանչյուր սովորողի բառային նկարագրով տրվող հետադարձ կապն անմիջականորեն կապված է ակնկալվող արդյունքի և գնահատման չափանիշների հետ: Դրանով սովորողը ստանում է ցուցումներ, առաջարկներ հետագա քայլերի վերաբերյալ, թե ինչպես բարելավի իր ուսումնառությունը: Այսպիսով՝ սովորողը պատասխանատվություն է կրում իր աշխատանքն ինքնուրույն շտկելու և բարելավելու համար: 

Աշխատանքները բարելավելու նպատակով տրվող բառային նկարագրով հետադարձ կապն ապահովում է ուսուցչի և սովորողի ակտիվ երկխոսությունը և պարունակում է հատուկ տեղեկատվություն գրավոր և բանավոր մեկնաբանությունների տեսքով:

 

Բառային նկարագրով հետադարձ կապի օրինակներ

-    Տեքստը լավ կարդացիր: Հաջորդ անգամ ուշադրությունդ կենտրոնացրու՛ բառերի վերջավորությունները ճիշտ կարդալու վրա:

-   Հարցին պատասխանելիս հիշի՛ր գլխավոր հերոսի խոսքերը․ դրանք կօգնեն քեզ ճիշտ կազմել պատասխանը:

-       Կրկի՛ն կարդա տեքստը և կազմի՛ր երեք կամ չորս հարց «Ինչուով»:

-   Հիշի՛ր տեքստում առկա իրադարձությունների հաջորդակա­նությունը․ այն կօգնի քեզ պատասխանել հարցերին:

-   Հիշի՛ր կրճատ բազմապատկման բանաձևը, որպեսզի հաջորդ անգամ այն ճիշտ կիրառես:

- Խորանարդ կառուցելիս պետք է հաշվի առնես խորանարդի հիմնական հատկությունները:

Բառային նկարագրով հետադարձ կապն օգնում է սովորողին ինքնուրույն տեղեկատվություն փնտրելով՝ բարելավել ակադեմիական ցուցանիշները: Օրինակ՝

-         Որտե՞ղ եմ ես թերացել թեման կամ նյութն ուսումնասիրելիս:

-         Ի՞նչը լավ չեմ հասկացել:

-         Որտեղի՞ց պետք է սկսեմ ուղղել իմ սխալները:

Բառային նկարագրով հետադարձ կապն օգնում է սովորողին որոշել հաջորդ գործողության անհրաժեշտությունը: Օրինակ.

-        Պետք է սկսեմ անգլերենից բառատետր պահել և օրական կրկնել 10 բառ:

-       Որպեսզի ես ձևաբանորեն ճիշտ վերլուծեմ նախադասությունը, պետք է վերհիշեմ և խորությամբ հասկանամ խոսքի մասերը և հաճախակի տարբեր տեսակի նախադասություններ վերլուծեմ:

Չի բացառվում, որ երբեմն նաև գնահատող բառերը կարող են արդյունավետ գործիք դառնալ և դրական  ազդեցություն ունենալ սովորողի ուսումնառության վրա: Գնահատող բառերով հետադարձ կապը հիմնականում դրական է՝ սովորողի ուսումնառությունը խթանելու համար: Օրինակ՝ 

-         Կեցցե՛ս, հրաշալի աշխատանք է: Եթե այսպես շարունակես, քո հաջողությունն ապահովված է:

Սակայն սովորողների հաջողությունները բարելավելու համար անհրաժեշտ և ավելի արդյունավետ է բառային նկարագրով հետադարձ կապը: Օրինակ.   

-     Հրաշալի աշխատանք է: Դու շատ լավ ես բնութագրել հերոսներին: Այժմ փորձի՛ր համեմատել երկու հերոսների աշխատանքը և կգտնես  նմանություններն ու տարբերությունները:

- Կեցցե՛ս: Դու մանրամասն, հաջորդականությունը պահպանելով պատմեցիր տեքստը: Իսկ հիմա բնութագրի՛ր կենդանիներին:

-    Լա՛վ պատմեցիր: Ի՞նչ ես կարծում՝ նկարագրեցի՞ր գլխավոր հերոսին: Փորձի՛ր այժմ նկարագրել ավելի մանրամասն:

Այսպիսով, ուսուցիչը, օբյեկտիվ նկարագրելով սովորողի գործողությունները, ապահովում է նրա հաջող ուսումնառությունը:

 

Արդյունավետ հետադարձ կապ

 

Արդյունավետ հետադարձ կապը պատասխանում է երեք կարևոր հարցերի.

1. Ի՞նչն է լավ կատարված:                 

2. Ի՞նչ է պահանջվում աշխատանքն ու արդյունքները բարելավման համար:

3. Ինչպե՞ս բարելավել:

Սովորողին ցույց տալ՝ որտեղ և ինչն է պետք բարելավել: Տրամադրել նպատակային խորհրդատվություն և տալ բարելավման կոնկրետ առաջարկություն:

Որպեսզի հետադարձ կապը լինի արդյունավետ, անհրաժեշտ է.

- ապահովել/հաստատել կապ ուսուցման նպատակների, վերջնարդյունքների և գնահատման չափանիշների հետ,

- ապահովել այն անընդհատ և ժամանակին, որպեսզի սովորողը հնարավորություն ունենա բարելավելու իր գործողությունները, իսկ ուսուցիչը` հետադարձ կապից հետո վերագնահատի առաջադրանքների կատարումը:

Այսպիսով, ի՞նչ տարբերություն կա արդյունավետ և ոչ արդյունավետ հետադարձ կապի միջև.

 

Հետադարձ կապ

Արդյունք

Անարդյունավետ.

 

 

- Ամեն ինչ վատ է, լավ չէ: Դու չես կարողանում ներկայացնել պատմվածքի բովանդակու­թյու­նը: 

 

 

Հիասթափություն, ներքին դժգոհություն, համառություն

Արդյունավետ.

 

 

- Շնորհակալություն, դու փորձեցիր մանրամասն ներկայացնել պատմության բովանդակությունը:

- Ուշադրությու՛ն դարձրու՝ երբ չես նկարագրում հերոսներին, գրեթե բովանդակության կարևոր մասը չես կարողանում ներկայացնել:

- Հերոսի կերպարը ներկայացնելիս փորձի՛ր պահպանել խոսքի արտահայտչականությունը:

 

Օգտակար եզրակացություն և նոր հմտություններ

 

Անարդյունավետ հետադարձ կապի օրինակ: Ստանալով նման հետադարձ կապ՝ սովորողը կարող է հիասթափվել: Նրա հետաքրքրությունը սովորելու նկատմամբ, ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բան անելու  ցանկությունը կարող են անհետանալ: Ավելին, ուսուցչի այս մեկնաբանություններում չկան առաջարկություններ, ցուցումներ այն մասին, թե ինչը և ինչպես կարելի է ուղղել, բարելավել:

Արդյունավետ հետադարձ կապի օրինակ: Այս օրինակում առաջին նախադասությամբ ուսուցիչը քաջալերում է սովորողին: Այնուհետև սովորողի բանավոր խոսքը բարելավելու համար անում է առաջարկություններ և տալիս է համապատասխան ցուցումներ.

Հետադարձ կապի արդյունավետությունը պայմանավորված է նրա որակով:

Արդյունավետ հետադարձ կապ ապահովելու համար ուսուցիչը կարող է օգտագործել երեք տիպի հուշումներ, որոնք կօգնեն սովորողներին որոշել իրենց հաջորդ քայլերը:

Հուշումներ.

1. «Հիշեցում»: Սովորողի ուշադրությունը հրավիրում է ուսուցանվող նյութի վրա այնպես, որ նա հասկանա՝ որն է նպատակը:

Օրինակ՝ Ուսուցիչն ասում է.

-         Այս դասի նպատակն է՝  չափածո տեքստը արտահայտիչ կարդալ: Առաջարկում եմ նորից կարդալ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով արտահայտիչ կարդալու բաղադրիչներին՝ ձայնով որոշակի բառերի ընդգծում, ըստ կետադրական նշանների՝ դադարների ապահովում, ընթերցման տոնի և տեմպի փոփոխություն, խոսքի հստակություն, ուղղախոսական կանոնների պահպանում և այլն:

2. «Օգնություն քայլ առ քայլ»: Հուշումն օգնում է սովորողին կենտրոնանալ իր կոնկրետ քայլերին: Իրականացվում է մի քանի եղանակներով.

-  հարցերի միջոցով,

-  նկարագրության միջոցով,

-  անավարտ նախադասությունների միջոցով:

Օրինակ՝ ուսուցիչը, բացահայտելով, որ ոչ բոլոր սովորողներն են հասկանում ընթերցված տեքստի բովանդակությունը, բաժանում է անավարտ նախադասություն­ներ և խնդրում լրացնել դրանք: Սա բարձրացնում է սովորողների ընթերցանության ընկալումը և այլն:

3. «Օրինակներ ցույց տալով»: Այս հուշումը սովորողներին տալիս է աշխատանքի բարելավման հնարավորություն:

Օրինակ՝ Ուսուցիչն ասում է.

-         Տեքստը կարդալիս դու շտապում ես և ուշադրություն չես դարձնում բառերի վերջավորությունների ճիշտ ընթերցմանը: Հիմա ես կկարդամ տեքստ, հետևի՛ր իմ ընթերցմանը, հատկապես, թե ինչպես եմ ընթերցում բառերի վերջավորությունները, իսկ հետո դու կարդա՛:

Բացի առաջարկվող հուշումներից, ստորև բերված աղյուսակում առկա են արտահայտությունների օրինակներ` արդյունավետ հետադարձ կապի համար.

Ուժեղ կողմերը

Ինչն է պետք բարելավել

Բարելավմանը նպաստող հետագա գործողություններ

Դու կարող ես...

Մի՛ մոռացիր, թե ինչ քայլեր պետք է անես, որ ...

Որը կլինի քո հաջորդ քայլը ...

Քո կարդալու ձևից ես հասկացա, որ...

Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ կարող ես անել, որ ...

Միգուցե փորձես ...

Դու ճիշտ ես մտածում/ պատճառաբանում, հետևողական ես ...

Քեզ անհրաժեշտ է ևս ...

Քո հաջորդ գործողու­թյունը կարող է լինել ...

Այն, ինչ դու շատ լավ արեցիր ...

Եվս մեկ առաջադրանք կամ քայլ, որ բարելավման կարիք ունի ...

Դու կարող ես օգտա­գործել...

 

Այսպիսով, սովորողները տարբեր են. շատ կարևոր է, որ հետադարձ կապը լինի անհատապես՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի ուսումնական խնդիրներն ու առանձնահատկությունները: Պետք է հիշել, որ հետադարձ կապը երկկողմանի գործընթաց է, և ուսուցիչները միշտ պետք է կատարելագործեն գնահատում իրականացնելու իրենց հմտությունները:

 

Հասմիկ Հովհաննիսյան

Վարսենիկ Հովսեփյան

Աստղիկ Բալայան

  

Comments