Հետադարձ կապ (ՁԳ)

Ամբողջական նյութը՝ հղումով Հղում_Հետադարձ կապ (ՁԳ)

Հետադարձ կապն ուսուցման և ուսումնառության գործընթացում սովորողների և ուսուցչի կատարած որոշակի քայլերի և գործողությունների փոխադարձ համարժեք արձագանքն է: Այսինքն՝ հետադարձ կապը միջոց է ուսուցչի գործողություններին սովորողների կողմից, սովորողների գործողություններին՝ ուսուցչի և մյուս սովորողների անդրադարձի։ Հետադարձ կապ ապահովելիս ուսուցիչը պետք է սվորողին ուղղի քաջալերող խոսք, հուշումներ, ստուգող, բաց և փակ հարցեր, որոնք կօգնեն նրան հասկանալ իր ուժեղ կողմերը, բացահայտել բացթողումները և բարելավել ուսումնառության արդյունքը:

Այսպիսով՝ հետադարձ կապի նպատակը սովորողի ուսումնառության առկա մակարդակն ակնկալվող վերջնարդյունքին հնարավորինս մոտեցնելն է: Սա նշանակում է, որ հետադարձ կապի համար ընտրված զանազան միջոցներն ու հնարները պետք է բխեն սովորողին միայն առաջ մղելու, իր ձեռքբերումները խորացնելու, թերացումներն արագ վերացնելու և արդյունքները բարելավելու նպատակից։

Հետադարձ կապը լինում է երկու տեսակի՝ արտաքին և ներքին։

Արտաքին հետադարձ կապն ապահովում է ուսուցիչ - սովորող, սովորող - ուսուցիչ կամ սովորող - սովորող կապերը: Ուսուցիչն ու սովորողները միմյանց կատարած գործողությունների վերաբերյալ իրականացնում են համապատասխան վերլուծություններ՝ փոխադարձաբար անդրադառնալով աշխատանքում եղած ձեռքբերումներին և թերություններին:

Ներքին հետադարձ կապն ուսուցչի և սովորողների սեփական գործողությունների նկատմամբ կատարած ինքնաանդրադարձն է: Ե՛վ ուսուցիչը, և՛ սովորողը կարիք ունեն ինքնաանդրադարձ վերլուծության։ Ուսուցիչը ստացված արդյունքները վերլուծելով՝ բացահայտում է իր գործողությունների ստացված և չստացված պահերը, դրանց հիման վրա պլանավորում հետագա գործողությունները, իսկ աշակերտը իր գործողությունները վերլուծելով՝ բարելավում է իր ուսումնառությունը։

Հետադարձ կապի իրականացման միջոցները

Բանավոր զրույց երբ վերլուծությունները և շտկումները կատարվում են բանավոր քննարկման միջոցով։ Հարցուպատասխանի, տարբեր հարցերի վերհանման միջոցով բանավոր քննարկվում են այն գործողությունները, որոնք բարելավման կարիք ունեն, ինչու չէ, նաև հնարավոր է նորից ընկերների կամ ուսուցչի օգնությամբ անդրադառնալ այն կետերին, որոնք կօգնեն վերացնել աշխատանքի թերությունները:

Գրավոր մեկնաբանություն. երբ վերլուծություններն ու բարելավման առաջարկներն իրականացվում են գրավոր կերպով:

Գծապատկերներ. երբ ուսուցիչը հետադարձ կապը տալիս է գծապատկերների միջոցով։ Այս միջոցը բարձրացնում է տեղեկատվության յուրացման արդյունավետությունը, քանի որ ուսուցչի՝ սովորողին կամ սովորողներին ուղղված խոսքը ուղեկցվում է նշաններով և գծանկարներով, որոնք կարող են լինել նախապես պայմանավորված նշաններ, սիմվոլներ, հուշող պատկերներ և այլն։

Տեսագրություն և ձայնային հաղորդագրություն. երբ որակյալ տեսագրությամբ կամ ձայնագրությամբ կարճ և դիպուկ վերլուծություն կամ մեկնաբանություն է տրվում աշխատանքին:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն արդեն անդառնալի կերպով մուտք են գործել ուսուցման բոլոր գործընթացներ, հետևաբար այս հնարավորությունը նույնպես պետք է օգտագործել արդյունավետորեն: Տեղեկույթը, վերլուծությունները սովորողի համար դառնում են ավելի հետաքրքիր և արդիական, երբ իրենց հետ շփվում են, այսպես կոչված՝  «ընդունելի միջոցներով»:

Արդյունավետ հետադարձ կապ ապահովելու համար անհարժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները։

 Անհատական. երբ սովորողը հասկանում է, որ ուղղորդող և շտկող հարցերն ուղղված են հենց իրեն, այլ ոչ ամբողջ դասարանին։ Սովորողը հասկանում է, որ հարցադրումները և ուղղորդումը չեն կրում ձևական բնույթ, այլ իրականացվում են հենց իր համար:

Օբյեկտիվ և նրբանկատ. հետադարձ կապի միջոցով պետք է մանրամասն նկարագրել սովորողի գործողությունները և բացառել հուզական գնահատականը նրա կատարած քայլերին: Սովորողի համար բավականին տհաճ է և տեղին չէ, երբ իրեն քննադատում կամ պարսավում են այս կամ այն  սխալի համար: Բայց եթե նրա նկատմամբ օբյեկտիվ են, այսինքն՝ վերլուծում են իր աշխատանքը, այլ ոչ թե իրեն՝ մեղադրում կամ հեգնում, նա դրական և պատրաստակամ է մոտենում վերլուծական աշխատանքին:

Պատճառներ և բացատրություն. սովորողի կատարած քայլերի վերլուծությունը (ոչ թե ուղղումը), թույլ է տալիս նրան ինքնուրույն հասկանալ և շտկել իր կատարած բացթողումները: Հետադարձ կապն ամբողջովին կրում է ուսուցանող բնույթ, ուստի  կարևոր է ոչ թե ուղիղ ձևով սովորողին իր սխալները ցույց տալը, այլ հարցերի և պարզաբանումների միջոցով նրան օգնելը, որ դրանք ինքնուրույն գտնի: 

Ճիշտ տեղին և ժամանակին. հետադարձ կապը պետք է տալ այն ժամանակ, երբ հարցերի ճշգրտումը տեղին է և ժամանակին։ Այս սկզբունքի իմաստը հետադարձ կապի ժամանակավրեպ չլինլու մասին է: Ուսուցիչը պետք է հնարավորություն տա սովորողին ժամանակին իր սխալները գտնելու և շտկելու, քանի դեռ նա ամբողջովին գործընթացի մեջ կենտրոնացած է: Ինչպես ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում:

Մոտիվացիայի ապահովում. հետադարձ կապի մեջ պետք է շեշտադրել սովորողի ձեռքբերումները՝ դրանով ապահովելով նրա դրական տրամադրվածությունը և կենտրոնացվածությունը աշխատանքի վերլուծության վրա:

Կարճ և հետաքրքիր. յուրաքանչյուր սխալի համար տրամադրել կարճ տեղեկություն` համեմելով խաղային կամ այլ հետաքրքիր տարրերով:


Արդյունավետ հետադարձ կապի հնարներ

Հնար 1. «Սենդվիչ»

        Խոսքը սկսվում է դրական արտահայտություններով, երբ նշվում են աշխատանքի դրական կողմերը, սովորողը դառնում է ավելի բաց և ընդունող իրեն ուղղված հետադարձ կապին:

        Խոսքի մեջտեղում անհրաժեշտ է անդրադառնալ սովորողի կատարած այն քայլերին, որոնց շուրջ նա պետք է աշխատի և բարելավի արդյունքները։

        Վերջում ավարտել խոսքը մոտիվացնող մտքերով, օրինակ՝ ես վստահ եմ, որ դու կկարողանաս մեր վերլուծությունից հետո ինքնուրույն ուղղել աշխատանքդ: Այս դեպքում սովորողը կունենա դրական տրամադրվածություն:

Հնար 2. «Չափանիշներ, սխալներ, արդյունք»

Հետադարձ կապի սկզբում հիշեցնել այն կանոնը կամ չափանիշը, որին կարևոր էր հետևել առաջադրանքը կատարելիս և դա չկիրառելու պատճառով սովորողը թույլ է տվել սխալներ։ Այնուհետև մեկնաբանել, թե որտեղ է նա խախտել կանոնը։ Սովորողի հետ քննարկել, թե ինչպես է կանոնի կամ չափանիշների կիրառումն ազդում արդյունքի վրա։ Այդ տեղեկատվության շնորհիվ սովորողը հասկանում է, թե ինչը պետք է փոխի և ինչու։

Հնար 3. «Ձեռքբերում, ուսումնառություն, փոփոխություն»

Հետադարձ կապի սկզբում ուսուցիչը սովորողին տեղեկացնում է նրա ձեռքբերումների մասին։ Միասին քննարկելով՝ որոշում են, թե սովորողը որտեղ է թույլ տվել բացթողումներ։ Վերլուծության և քննարկման միջոցով գտնում են ցանկալի արդյունքի ուղիները։ Սովորողը կատարում է համապատասխան փոփոխությունները և ճշգրտում իր քայլերը:

Այս բոլոր հնարները կարելի է ոչ միայն կիրառել ուսուցիչ – սովորող կապում այլ նաև կարելի է պարզեցնել և հարմարեցնել սովորող – սովորող համագործակցության համար: Նշենք  այն անհերքելի միտքը, որ սովորում է նա, ով սովորեցնում է: Հետևաբար, արդյունավետ հետադարձ կապ անհրաժեշտ է ապահովել նաև սովորողների միջև:

Հետադարձ կապը կարելի է համարել հաջողված, եթե այն համապատասխանում է հետևյալ երեք կանոններին.

Ընկալում. երբ սովորողի մոտ ձևավորվել է հստակ պատկերացում իր ուժեղ կողմերի և նրանց զարգացման հնարավոր ուղիների մասին:

Ընդունում. երբ սովորողը ստացած տեղեկատվությունը ընդունում է և ներքին համաձայնության գալիս դրանց հետ:

Հեռանկար. երբ սովորողն ունի ցանկություն ուղղելու սեփական սխալները, և նա արդեն կատարել է առաջին քայլերն իր գիտելիքների բարելավման ուղղությամբ։

Ընդհանրացնելով կարող ենք ավելացնել, որ հետադարձ կապը ուսուցման և ուսումնառության անբաժանելի մասն է։ Որքան այն արդյունավետ է, որքան շեշտադրվում են սովորողների ձեռքբերումները և իրականացվում է աշխատանքի պատշաճ վերլուծություն, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ սովորողները շարունակաբար կբարելավեն իրենց առաջադիմությունը:

Շատ կարևոր է որ սովորողն իրեն հարգված և կարևորված զգա, հասկանա, որ իր կրթությունը ձևական բնույթ չի կրում։

«Արդյունավետ հետադարձ կապն ավելի կարևոր է, քան ուսուցումը» (Բիլ Գեյթս):

Հղում_Հետադարձ կապ (ՁԳ). տեսաձայնագրություն


Մշակեցին Վարսենիկ Հովսեփյանը, Հասմիկ Հովհաննիսյանը

Comments