Գրավոր աշխատանք (ՁԳ)

    




Հղում_Գրավոր աշխատանք (ՁԳ)_սահիկաշար

    Գրավոր աշխատանքը ընթացիկ գնահատման արդյունավետ տեսակներից է, որը կիրառվում է բոլոր ուսումնական առարկաների շրջանակում և նպաստում է Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանված 8 առանցքային կարողունակությունների զարգացմանը: 

    Գրավոր աշխատանքների միջոցով կարելի է սովորողների մեջ ուսումնական ակտիվություն, ինքնուրույնություն և սեփական աշխատանքի որակի նկատմամբ պատասխանատվություն զարգացնել: 

    Տարբեր առարկաների ուսումնասիրման ժամանակ կիրառվում են գրավոր աշխատանքների տարբեր տեսակներ, ինչպես օրինակ՝ արտագրությունը, թելադրությունը, փոխադրությունը, շարադրությունը, էսսեն, թեստը և այլն, սակայն պետք է հստակ համոզվել, որ դրանց բոլորի հիմքում դրված են տվյալ առարկայի չափելի վերջնարդյունքները:   

    Ինչպես գիտենք, գրավոր աշխատանքները կիրառվում են և՛ ձևավորող, և միավորային գնահատման նպատակով: Դիտարկենք գրավոր աշխատանքի տեսակներից մեկի՝ թելադրության իրականացումը ձևավորող գնահատման տեսանկյունից:

    Սովորաբար թելադրությունը գրելուց հետո հիմնական անելիքը ուսուցչինն է. նա նկատում է սխալները, բացթողումներն ու ջնջումները, կարմիր գրիչով ուղղում է դրանք: Ավելին, աշխատանքից հետո դուրս է բերում սխալները ճիշտ տարբերակով և որոշում է՝ ինչ անի սովորողը՝ գրելավ հստակ հրահանգ: Սովորողին մնում է հետևելով ուսուցչի նշումներին՝ գտնել իր սխալները (ինչը նա սովորաբար չի անում) և կատարել սխալների ուղղում՝ ուսուցչի տված օրինակով (ինչը սովորաբար արվում է մեխանիկորեն՝ որպես արտագրութուն: Այդ են վկայում անգամ սխալների ուղղման ժամանակ սովորողի թույլ տված սխալները):

    Թելադրության միևնույն տեքստի վրա կարելի է ձեռնարկել որոշակի քայլեր՝ երեխային աստիճանաբար ակտիվ սովորող դարձնելու համար: Այս դեպքում ուսուցիչը աշխատանքում նշումներ չի կատարում (վայելչագրական կանոններն այս անգամ նպատակ չեն, դրանք նշվում են հիշեցման համար):

    Կանաչ գույնի գրիչով դուրս են բերվում սովորողի թույլ տված սխալների, վրիպակների ու ջնջումների ճիշտ տարբերակները, և տրվում է առաջադրանք՝ դրանք ինքնուրույն գտնելու տեքստում և ուղղելու:

    Առաջադրանքը կատարելու համար սովորողը «ստիպված է լինելու» առնվազն մի քանի անգամ կարդալու տրված օրինակները, դրանք գտնելու տեքստում և ինքնուրույն ուղղելու, ինչը ոչ թե մեխանիկական, այլ ակտիվ մտածական աշխատանք է (համեմատում տվյալ դեպքում): Այս դեպքում ուսուցչի և սովորողի գործողությունները հավասարակշռվում են:

    Կարելի է աստիճանաբար զարգացնել գործողությունները և ապահովել աշխատելու ավելի մեծ ինքնուրույնություն: Ուսուցիչը նախ՝ մատնանշում է սովորողի ձեռքբերումները՝ կանաչ գրիչով ընդծելով կոնկրետ այն բառերը, որոնց ուղղագրությունը յուրացրել է սովորողը: Այնուհետև գրաֆիկական մատիտով նշում է այն բառերը, որոնց ուղղագրությունը սովորողը դեռ չգիտի, ավելին, ուղղորդում է՝ որտեղից կարող է գտնել և սովորել (օրինակ՝ բառարանից): Այս դեպքում սովորողը բավականաչափ անելիք ունի. սովորելու իրական գործընթացը տեղի է ունենում հենց սեփական աշխատանքի օրինակի վրա:

    Գրավոր աշխատանքի նույն տեսակի, ավելին, թելադրության նույն տեքստի վրա կարելի է իրականացնել նոր աշխատանքներ՝ հավատարիմ մնալով ձևավորող գնահատման նպատակին՝ բարելավել ուսուցումը և սովորողի ուսումնառությունը: Ուսուցիչն ավելի ակտիվ դեր է հատկացնում սովորողին, որն արդեն ոչ միայն ինքնուրույն կողմնորոշվում, այլև ինքնուրույն բարելավում է սեփական աշխատանքը՝ առաջնորդվելով ուսուցչի պայմանական նշաններով: 

    Աշխատանքի կազմակերպման այս մոտեցումը կիրառելի է դպրոցի բոլոր աստիճաններում և բոլոր ուսումնական առարկաների շրջանակում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առարկայի առանձնահատկությունները: 

    Կարևոր է պահպանել ձևավորող գնահատման բաղադրիչների ամբողջականությունն ու հաջորդականությունը: Միշտ պետք է հիշել հետադարձ կապի մասին. առհասարակ ցանկացած աշխատանքից հետո անհրաժեշտ է քննարկել արդյունքները, որպեսզի սովորողները հնարավորություն ունենան արժևորելու աշխատանքի ստեղծագործական և ինքնատիպ մոտեցումները: 

Հղում_Գրավոր աշխատանք (ՁԳ)_տեսաձայնագրություն

Comments