Հայտորոշիչ թեստ (ՁԳ)

 Հղում_Հայտորոշիչ թեստ (ՁԳ)_սահիկաշար


Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվել են սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման նոր սկզբունքներ, ներդրվել է գնահատման նոր մեթոդաբանություն։ Ըստ հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ հան­րակրթական ուսումնական հաստատություններում իրականցվելու են միավորային և ձևավորող գնահատում, իսկ տարրական դպրոցում՝ միայն ձևավորող գնահատում:

Որևէ ուսումնական փուլ սկսելուց առաջ պետք է իրականացվի նախնական հայտորշում, որի նպատակն է սովորողների նախնական, ֆոնային գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների վերհանումը, բացահայտումը, որն անհրաժեշտ է լինելու ուսումնական գործընթացը պլանավորելու և արդյունավետ կազմակերպելու համար։

Ուսուցման և ուսումնառության կազմակերպման ամբողջ ընթացքում սովորողների ուսումնական ձեռքբերումները դիտարկելու համար պարբերաբար անց է կացվում ընթացիկ հայտորոշում, որպեսզի հստակեցվեն, թե ուսումնառության կարճ ժամանակահատվածում սովորողներն ինչ առաջընթաց, դժվարություններ կամ խնդիրներ ունեն։ Ընթացիկ հայտորոշումը կարելի է անցկացնել տարբեր միջոցներով՝ բանավոր հարցման, գործնական աշխատանքի, զրույցի, թեստի և այլն։ Բնականաբար, ուսուցման կազմակերպման ամբողջ ընթացքում իրականցվում է հետադարձ կապ և՛ ուսուցչի, և՛ սովորողի կողմից, որի ընթացքում ստացված  արդյունքների հիման վրա բարելավվում են սովորողի գիտլիքներն ու կարողությունները, ուսուցման և ուսումնառության գործընթացը:

Հայտորոշիչ թեստը մշակելիս պետք է ուշադրություն դարձնել, թե ում ենք գնահատելու, ինչպիսի գիտելիքներ և հմտություններ ենք ստուգելու և ինչպես ենք կիրառելու գնահատման արդյունքները։ Թեստի հիմնական հատկորոշիչները համարվում են, այսպես կոչված, «թեստի անձնագիրը, նախագիծը», ըստ որի որոշվում կամ կազմվում են թեստի կառուցվածքն ու բովանդակությունը։

Կախված թեմայի ուսուցման նպատակից և թեմայի յուրացման արդյունքում ակնկալվող վերջնարդյունքներից՝ որոշվում են թեստի տեսակը, բովանդակությունը և ստուգման մեթոդաբանությունը:

Թեստի նախագիծը կազմելուց առաջ, ուսուցիչը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցերին

        Ո՞ր դասարանի համար է նախատեսված:

        Ի՞նչ կոնկրետ նպատակ է հետապնդում:

        Ո՞ր թեմայի կամ թեմաների վերաբերյալ է կազմված:

        Ո՞ր վերջնարդյունքներն են ստուգվելու:

        Ի՞նչ տիպի առաջադրանքներ են մշակվելու:

        ի՞նչ տեսակի հարցեր են կազմվելու՝ բա՞ց, թե՞ փակ:

        Քանի՞ հարց է ներառվելու:

        Բարդության Ի՞նչ աստիճան է ընտրվելու:

        Ինչքա՞ն ժամանակ է հատկացվելու ընդհանուր թեստին։


Ունենալով թեստի հատկորոշիչները՝ ուսուցիչը հեշտությամբ կարող է ստեղծել բազմաթիվ թեստեր, որոնց համար կարևոր է մշակել նաև ստուգման հարմար արագ և արդյունավետ տարբերակներ: Գործընթացը մեթոդապես ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր կլինի խնայել և՛ ժամանակ, և՛ ջանքեր։ 

Օրինակ՝ ուսուցիչը կարող է առաջադրանքների ճիշտ պատասխանները նախապես գրել գրատախտակին կամ ցուցապաստառին և սովորողներին ցույց տալ թեստի կատարման ավարտից հետո։ Սովորողները հնարավորություն կունենան համեմատելու իրենց աշխատանքի արդյունքները ճիշտ պատասխանների հետ և ինքնուրույն շտկել բացթողումները։

Ստուգման տարբերակ է նաև դասընկերոջ հետ աշխատանքների փոխանակումը՝ փոխադարձ ստուգումը և քննարկումը։

Կամ՝ ուսուցիչը կարող է թեստում ներառված բովանդակությունը ներկայացնել մի փոքր այլ տարբերակով, և սովորողները ոչ թե մեխանիկորեն, այլ մտավոր աշխատանք կատարելով հասկանան՝ ճիշտ են կատարել առաջադրանքները, թե ոչ:

     Գնահատման գործընթացի այս ձևերն ունեն մի շարք առավելություններ  

  • Ինքնագնահատման և փոխադարձ գնահատման միջոցով սովորողները տեղեկանում են իրենց  ուժեղ և թույլ կողմերի, բացթողումների և աշխատանքում թույլ տված սխալների մասին, 
  • հնարավորություն են ունենում դրսևորելու և զարգացնելու որոշակի կարողություններ՝ վերլուծելու, համադրելու, պլանավորելու, ինքնարտահայտվելու, գնահատելու և այլն, ինչպես նաև անձնային որակներ՝ համբերատարություն, նպատակասլացություն հանդուրժողականություն, օբյեկտիվություն, արդարամտություն և այլն։

Comments