Սովորողների կիսամյակային բնութագրերի քննարկում

    Տավուշի մարզի դպրոցների 2-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների հետ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ Աստղիկ Բալայանի այս տարվա առաջին հանդիպումը նվիրված էր սովորողների կիսամյակային ամփոփիչ բնութագրերի կազմմանը...

    Ինչպես գիտենք, 2021 - 22 ուստարում Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում են ոչ միայն Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, այլև գնահատման նոր կարգի նախագիծը, ըստ որի՝ տարրական դպրոցում ոչ միավորային գնահատման պարագայում յուրաքանչյուր սովորողի կիսամյակային ձեռքբերումներն ամփոփվում են բնութագրի միջոցով:   

    ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասագետների մշակած ձևաչափով արդեն բլոգում տեղադրվել են 2-րդ դասարանում դասավանդվող բոլոր ուսումնական առարկաների վերջնարդյունքների հիման վրա կազմված սանդղակաշարերը, որոնց հիման վրա ուսուցիչները պետք է ստեղծեն սովորողների անհատական բնութագրերը: 
     Բնութագրերի կազմման կարևոր սկզբունքներից են՝
  • Պետք է աղյուսակներում շարժվել վերևից ներքև և հորիզոնական՝ գնալով ձախից աջ (Ա-Ե):
  • Կարելի է ընտրել որևէ սյունակի նկարագրությունը ամբողջությամբ կամ համադրել հատվածներ տարբեր ձևակերպումներից, քանի որ նույն վերջնարդյունքի կատարման մակարդակների բաժանումը պայմանական է:
  • Պետք է խուսափել մակարդակների բաժանել երեխաներին, քանի որ քիչ հավանական է, որ որևէ սովորող բոլոր վերջնարդյունքների մասով կապահովի նույն մակարդակը:
  • Չի կարելի սյունակները համեմատել կամ նույնացնել միավորների (5-միավորային համակարգի կամ 10-միավորային համակարգի աստիճանների հետ):
  • Բոլոր բնութագրերը կազմվել են դրական շեշտադրմամբ. պետք է բացառել «Չի կարողանում», «Չգիտի», «Դժվարանում է» արտահայտությունները:
  • Ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության խմբագրել կամ լրամշակել ձևակերպումները՝ առավել հարմարեցնելով դրանք տվյալ սովորողի ցուցաբերած արդյունքին:
  • Բնութագիրը պետք է կցել սովորողի անձնական գործին:
    Հնարավոր է, որ կլինեն ուսուցիչներ տարբեր դպրոցներում, որոնք, ճիշտ է, փորձարկմանը չեն մասնակցում այս տարի, սակայն կցանկանան կազմել իրենց սովորողների կիսամյակային ամփոփ բնութագրերը, կարող են հանգիստ օգտվել սանդղակաշարերից և հարցերի կամ օժանդակության կարիքի դեպքում գրել բլոգում կամ կապվել գնահատման բաժնի մասնագետների հետ...





    



Comments