Ուսումնական նախագծի գնահատումը

    Շարունակվում են ուսումնական նախագծի գնահատման մոտեցումների քննարկումները: Ինչպես գիտենք, Հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսվում է, որ յուրաքանչյուր սովորող 7 - 12-րդ դասարաններում պետք է իրականացնի առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ մեկ կամ մի քանի առարկաներից:  


     Կարևոր է նկատի ունենալ, որ ուսումնական նախագիծը ոչ թե և ոչ միայն սովորողի ձեռքբերումները գնահատելու միջոց է, այլև սովորելու, գիտելիքները հարստացնելու և կարողությունները զարգացնելու ընթացք, հետևաբար, պետք է գնահատվեն ոչ միայն վերջնական արդյունքները, այլև ուշադրության կենտրոնում լինի նախագծի ողջ ընթացքը՝ թեմայի ընտրությունից սկսած մինչև ներկայացում: 
    Ըստ այդմ՝ ուսումնական նախագծի գնահատման սանդղակաշարում մանրամասն ներկայացված են նախագծի երեք փուլերի՝ նախապատրաստում, ընթացք և ներկայացում, ենթափուլերը: Դրանք նաև հուշում են ուսուցչին և սովորողին՝ ինչին պետք է ուշադրություն դարձնել նախագծի իրականացման ժամանակ:  


 ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետները տարբեր բաժինների մասնագիտական խմբերին ներկայացրին իրենց մշակումները՝ կապված ուսումնական նախագծի գնահատման հետ և ներկայացրին գործիքներից մեկը՝ գնահատման սանդղակաշարը (ռուբրիկ): Քննարկման արդյունքում հստակեցվեցին շատ հարցեր, այդ թվում՝ ուսումնական նախագծի փուլերի քայլերը, գնահատման սանդղակաշարում ներառված չափանիշները և այլն:


    Աշխատանքները շարունակական են լինելու, սակայն ուսումնական նախագծի գնահատման սանդղակաշարի նախագիծը կտեղադրվի ԿԶՆԱԿ-ի գնահատման բաժնի բլոգում՝ խնդրանքով և սպասումով, որ ուսուցիչները ակտիվորեն կմասնակցեն այն բարելավելու և վերջնական տեսքի բերելու աշխատանքներին:  


   

Comments