Գնահատման բաժնի մասնագետները մասնակցեցին մանկավարժական մտքի փառատոնին

    Հունիսի 30-ը՝ ուսուցիչների արձակուրդի նախօրյակը, նշանավորվեց ևս մեկ միջոցառմամբ՝ մանկավարժական մտքի փառատոնով, որը կայացավ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում:

    Ընտրված էր գաղափարների և փորձի քննարկման հետաքրքիր ձևաչափ. Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի դպրոցներից ու կրթական կազմակերպություններից ձևավորված խոսնակների խմբերը ներկայացան 46 տաղավարներում՝ ներկայացնելով նախապես հայտագրած թեմաները:


    Փառատոնին մասնակցում էր նաև ԿԶՆԱԿ-ի գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ Վարսենիկ Հովսեփյանը: Նա ներկայացրեց զույգային աշխատանքի արդյունավետ տարբերակներ, որոնք շատ արդյունավետ աշխատում են բոլոր դասարաններում և բոլոր ուսումնական առարկաների դասավանդման ժամանակ: Զարմանալիորեն ակտիվ էր տաղավարը, քանի որ թեմայիով հետաքրքրված ուսուցիչների խմբերը հենց տեղում էին փորձարկում զույգային աշխատանքի ձևերը և սեփական օրինակով համզվում՝ որքան արագ ու առանց լրացուցիչ ռեսուրսների կիրառման հնարավոր է լուծել, օրինակ, ընթերցած տեքստի հիմնական գաղափարի վերհանման հարցը:


    2021 - 22 ուսումնական տարվա ողջ ընթացքում ԿԶՆԱԿ-ի նախաձեռնած «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են ավելի քան 5 տասնյակ դպրոցների ուսուցիչներ՝ նպատակ ունենալով զարգացնելու տարրական դպրոցի սովորողների կարդալու որակները: 

    Փառատոնին մասնակցում էր նաև ծրագրի մասնակից ուսուցիչների խումբ Արարատի մարզից: Նրանք ներկայացրին «Ընթերցողի ակումբ» հեղինակային դպրոցական հաղորդաշարի կիրառումը որպես սովորողների կարողունակությունների զարգացման միջոց: Ցույց տալով ակումբի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը՝ խոսնակները ոգևորեցին մասնակիցներին, մասնակից դարձրին գեղեցիկ խաղի...


    Փառատոնն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում. ուսուցիչների երկխոսությունը հաճելի ու արդյունավետ էր այնքան, որ անգամ 3 ժամ լինելով տարբեր տաղավարների մոտ՝բացարձակ չկային հոգնություն և հեռանալու ցանկություն:

    Խոսնակներին հանձնվեցին հավաստագրեր, բոլոր ուսուցիչներին մաղթեցին արդյունավետ և խաղաղ արձակուրդ:  





 

Comments