«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը՝ մանկավարժական մտքի փառատոնում

    Արձակուրդից առաջ հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի դպրոցների շուրջ 200 ուսուցիչներ մասնագիտական շփման հնարավորություն ունեցան «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում կազմակերպված մանկավարժական մտքի փաոատոնի շրջանակում:

    ԿԶՆԱԿ հիմնադրամը 2021 - 22 ուստարում ավելի քան 75 դպրոցներում իրականացրել է «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը, որի արդյունքներն արդեն տեսանելի են, ավելին՝ համարձակորեն և սիրով ներկայացվում են մանկավարժական հանրությանը...

    Մանկավարժական մտքի փառատոնին մասնակցեցին նաև Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչները՝ ներկայացնելով ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու նպատակով կիրառած «Ընթերցողի ակումբ» հաղորդաշարը: 
- Մտածեցինք ստեղծել հաղորդաշար, բայց չգիտեինք՝ ում հրավիրել առաջինը: Որոշեցինք նախ հյուրընկալել դպրոցի ուսուցիչներին։ Քանի որ մեր աշակերտները կենդանիներ շատ են սիրում, նրանց զրույցի հիմնական թեման իրենց խնամած կենդանիներն էին, ուստի առաջինը հրավիրեցինք կենսաբանության ուսուցչին։ Երեխաներից գաղտնի դպրոց էինք բերել տարբեր կենդանիներ ու թռչուններ, ստեղծել տրամադրող միջավայր,- պատմում է Թամարա Անանյանը:- Կենսաբանության ուսուցիչը կարդաց կենդանական հեքիաթ, որը քննարկեցինք երեխաների հետ, միասին կերակրեցինք կենդանիներին: Հրաշալի էր. երեխաներն անգամ ուրախացան, երբ առաջարկեցինք տանն ընթերցել կենդանիների մասին այլ նյութեր:

    
    Խոսնակները ոգևորված պատմեցին, թե ինչպես մեկը մյուսին հաջորդելով՝ հաղորդաշարին հյուրընկալվել են տարբեր առարկաների ուսուցիչներ՝ սովորողների մեջ մեծ հետաքրքրություն առաջացնելով ոչ միայն ընթերցանության, այլև այդ առարկաների նկատմամբ: Քիմիայի ուսուցիչը, կարդալով հրաշապատում հեքիաթ և երեխաներին ուղեկցելով լաբորատորիա,  քիմիական փորձերով ուղղակի զարմացրել է նրանց։  
    
    Համբարձման տոնից առաջ հրավիրվել է պատմության ուսուցիչը, որը երեխաների հետ իրականացրել է փոքրիկ հետազոտական աշխատանք։ Բոլոր հանդիպումներն էլ դարձել են չկրկնվող, երեխաների կողմից շատ սպասված՝ զարգացնելով կարդալու, խոսելու, ինչպես նաև ուսումնասիրելու, ստեղծագործելու կարողությունները:
    Խոսնակները փաստեցին, որ բոլոր հանդիպումներից առաջ և հետո երեխաները շտապում էին գրադարան. ուզում էին տեղեկացված ու պատրաստ ներկայանալ «Ընթերցողի ակումբ» հաղորդաշարի հերթական թողարկմանը: Որոշել են հաջորդ տարի հաղորդմանը հյուր հրավիրել նաև ծնողներին...
    Ուրախ ենք, որ ԿԶՆԱԿ-ի՝ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը ընթերցասիրության ալիք է առաջացնում ծրագրում ներգրավված դպրոցներում...
     


Comments