ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՄՓՈՓԻՉ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՄԵԹՈԴ՝ ԲԱՆԱՎՈՐ ԵՎ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Մեթոդի գաղափարը
Լեզվի ուսուցման
արդյունքների ամբողջական գնահատումը նպատակահարմար է իրականացնել ոչ միայն գրավոր,
այլև բանավոր աշխատանքի միջոցով՝ հնարավորություն տալով սովորողին դրսևորել լեզուն
ընկալելու և օգտագործելու իր կարողությունները տարբեր ձևերով։
Մեթոդը հիմնվում
է լեզվական կարողությունների այնպիսի բաղադրիչների համակցված գնահատման վրա, ինչպիսիք
են բանավոր խոսքը, գրավոր խոսքը, կարդալը և գրելը։ Լեզվական գրագիտության կարողունակությունը
ներառում է ինչպես խոսքի ընկալումը, այնպես էլ բանավոր և գրավոր խոսքի կազմումը, իսկ
օտար լեզուների առարկայական չափորոշիչը շեշտադրում է գրագետ, կապակցված բանավոր և գրավոր
խոսքի, կարդալու և հասկանալու կարողությունների զարգացումը։
Առաջարկվող մեթոդի
առանձնահատկությունն այն է, որ ամփոփիչ գնահատականը ձևավորվում է երկու հաջորդական
կազմակերպված աշխատանքների արդյունքների համադրմամբ՝ բանավոր և գրավոր։ Ընդհանուր
արդյունքը արտահայտվում է 10-միավորանոց սանդղակով։
1. Բանավոր աշխատանք
Ամփոփիչ գնահատման
առաջին փուլում սովորողն իրականացնում է կարճ բանավոր աշխատանք։
Յուրաքանչյուր սովորողի
առաջարկվում է փոքրածավալ, տարիքին, թեմային և ուսումնառության մակարդակին համապատասխան,
սակայն մյուս սովորողների թեմաներից տարբերվող թեմա։ Սովորողը տվյալ թեմայի շուրջ նախապատրաստում
և ներկայացնում է կարճ, ամբողջական և կապակցված բանավոր խոսք՝ առնվազն մեկ պարբերության
ծավալով։
Թեմաները կարող են
լինել անձնական փորձի, առօրյա կյանքի, նախասիրությունների, շրջապատի, երևույթների,
մշակույթի կամ ուսումնասիրված թեմատիկ միավորների վերաբերյալ։
Բանավոր աշխատանքը
գնահատվում է նախապես մշակված ռուբրիկով։ Բանավոր բաղադրիչի կշիռը սահմանվում է տվյալ
ամփոփիչ աշխատանքի ընդհանուր միավորի շրջանակում և պարտադիր չէ, որ միշտ լինի
2.5 միավոր՝ ելնելով 4 հիմնական գաղափարներին հատկացված միավորների համաչափությունից։
Դրա կշիռը կարող է փոփոխվել՝ կախված տվյալ թեմայի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներից
և այն հանգամանքից, թե լեզվական որ կարողություններն են տվյալ փուլում առաջնային։
Օրինակ՝ տվյալ ամփոփիչ
աշխատանքի դեպքում բանավոր խոսքին կարող է հատկացվել 2.5 միավոր, իսկ մեկ այլ թեմայի
դեպքում՝ 3 կամ 3.5 միավոր։
Այսպիսով, չորս բաղադրիչների՝
բանավոր խոսք, գրավոր խոսք, կարդալ, ունկնդրել, կշիռները պարտադիր չէ, որ բոլոր
դեպքերում լինեն հավասար։ Կարևորը ոչ թե թվային հավասարությունն է, այլ տվյալ թեմայի
ուսումնառության ակնկալվող արդյունքներին համապատասխան հիմնավորված կշռադատումը։
2. Գրավոր աշխատանք
Բանավոր աշխատանքին
հաջորդող դասին սովորողն իրականացնում է գրավոր ամփոփիչ աշխատանք։
Գրավոր աշխատանքի
առաջադրանքները կազմվում են այնպես, որ հնարավորություն լինի առանձին գնահատելու մնացած
համապատասխան կարողությունները՝
·
գրավոր խոսքը,
·
կարդալը և հասկանալը,
·
ունկնդրելը։
Անհրաժեշտության
դեպքում նույն գրավոր աշխատանքի տարբեր առաջադրանքները կարող են ունենալ տարբեր կշիռներ՝
կախված ուսումնասիրված թեմայի նպատակներից և ակնկալվող վերջնարդյունքներից։
Այսպիսով, ամփոփիչ
աշխատանքը կարող է ունենալ, օրինակ, հետևյալ կառուցվածքը.
|
Բաղադրիչ |
Հնարավոր կշիռ |
|
Բանավոր խոսք |
2.5 |
|
Գրավոր խոսք |
2.5 |
|
Կարդալ |
2.5 |
|
Ունկնդրել |
2.5 |
|
Ընդամենը |
10 |
Սակայն այս բաշխումը
օրինակ է և պարտադիր չէ։ Մեկ թեմայի դեպքում բանավոր խոսքը կարող է ունենալ
ավելի մեծ կշիռ, եթե տվյալ թեմայի նպատակներից առաջնային է բանավոր հաղորդակցումը,
իսկ մեկ այլ թեմայի դեպքում ավելի մեծ կշիռ կարող է տրվել կարդալուն, գրելուն կամ գրավոր
խոսքին։
3. Ամփոփ գնահատականի
ձևավորումը
Բանավոր և գրավոր
աշխատանքների արդյունքները միավորվում են՝ ստանալու տվյալ ամփոփիչ աշխատանքի ընդհանուր
արդյունքը։
Ամփոփ գնահատական
= բանավոր խոսքի միավոր + գրավոր խոսքի միավոր + ունկնդրելու և ունկնդրածը հասկանալու
միավոր + կարդալու և կարդացածը հասկանալու միավոր = առավելագույնը՝ 10 միավոր։
Այս մոտեցումը հնարավորություն
է տալիս ամփոփիչ գնահատականը ձևավորել ոչ թե մեկ տեսակի առաջադրանքի արդյունքով, այլ
սովորողի լեզվական կարողությունների ավելի ամբողջական դրսևորմամբ։
Միաժամանակ մեթոդը
թույլ է տալիս պահպանել ուսուցչի աշխատանքի իրատեսական ծավալը․
բանավոր աշխատանքը կազմակերպվում է կարճ՝ մեկ պարբերության շուրջ, իսկ դրա գնահատումը
կատարվում է նախապես սահմանված ռուբրիկով։
Բանավոր աշխատանքի
գնահատման ռուբրիկ
Ռուբրիկը կարող է
հարմարեցվել տվյալ դասարանի, լեզվի և թեմայի մակարդակին։
|
Չափանիշ |
Բարձր մակարդակ |
Միջին մակարդակ |
Սկզբնական մակարդակ |
|
Բովանդակություն և թեմայի բացահայտում |
Լիարժեք ներկայացնում է թեման, արտահայտում է համապատասխան մտքեր և մանրամասներ |
Ներկայացնում է թեմայի հիմնական միտքը, սակայն որոշ մանրամասներ բացակայում
են |
Թեման ներկայացված է մասնակի կամ խոսքը հաճախ շեղվում է թեմայից |
|
Կապակցվածություն և խոսքի կառուցվածք |
Կազմում է ամբողջական, տրամաբանական և կապակցված խոսք: |
Խոսքը հիմնականում կապակցված է, սակայն առկա են որոշ ընդհատումներ կամ տրամաբանական
բացեր: |
Մտքերը դժվարությամբ են կապակցվում, խոսքը մասնատված է: |
|
Բառապաշար |
Օգտագործում է թեմային համապատասխան և բավարար հարուստ բառապաշար: |
Օգտագործում է
հիմնականում համապատասխան, բայց սահմանափակ բառապաշար: |
Բառապաշարը սահմանափակ է և հաճախ խոչընդոտում է մտքի արտահայտմանը |
|
Լեզվական ճշտություն |
Կառուցվածքները հիմնականում ճիշտ են, բացթողումները չեն խոչընդոտում ընկալմանը: |
Կան որոշ անճշտություններ, սակայն ընդհանուր իմաստը պահպանվում է: |
Բացթողումները հաճախակի են և երբեմն խոչընդոտում են իմաստի ընկալմանը: |
|
Արտասանություն և սահունություն |
Խոսում է հասկանալի, սահուն և բնական տեմպով: |
Խոսքը հիմնականում հասկանալի է, սակայն առկա են դադարներ
կամ արտասանական դժվարություններ: |
Հաճախակի դադարները կամ արտասանական դժվարությունները
խոչընդոտում են հաղորդակցմանը: |
Ռուբրիկի կիրառումը
Ռուբրիկի յուրաքանչյուր
չափանիշ կարող է գնահատվել տվյալ աշխատանքի համար սահմանված միավորի շրջանակում։ Օրինակ՝
եթե բանավոր աշխատանքի առավելագույն կշիռը 2.5 միավոր է, ապա հինգ չափանիշներից
յուրաքանչյուրին կարելի է հատկացնել 0.5 միավոր։
Եթե տվյալ թեմայի
դեպքում բանավոր խոսքի կշիռը 3 միավոր է, նույն չափանիշները կարող են վերակշռվել՝
յուրաքանչյուրին տալով 0.6 միավոր։
Այսպիսով, փոխվում
է ոչ թե գնահատման տրամաբանությունը, այլ տվյալ բաղադրիչի կշիռը ընդհանուր ամփոփիչ
գնահատականի մեջ։
Մեթոդի սկզբունքային
առավելությունը
Առաջարկվող մոտեցումը
թույլ է տալիս խուսափել այն իրավիճակից, երբ լեզվի ամփոփիչ գնահատականը փաստացի արտացոլում
է միայն սովորողի գրավոր աշխատանքի արդյունքը կամ միայն բանավորի։ Սովորողը հնարավորություն է ստանում
նույն ամփոփիչ աշխատանքի շրջանակում դրսևորելու իր կարողությունները խոսելու, կարդալու,
գրելու և գրավոր խոսք կազմելու միջոցով։
Մեթոդի կարևոր սկզբունքն
է նաև կշիռների ճկունությունը․ դրանք կարող են փոխվել՝ ըստ թեմայի
նպատակների, ակնկալվող վերջնարդյունքների և տվյալ փուլում առաջնային համարվող լեզվական
կարողությունների։
Մեթոդի
մշակումը՝ Լուսինե Ալեքսանյանի
Comments
Post a Comment