Գնահատման բաժինը մասնակցեց Մանկավարժական մտքի փառատոն 4-ին

       Երևանի Գլոբալ Բրիջ կրթահամալիրում դեկտեմբերի 9-ին կայացավ Մանկավարժական մտքի փառատոն 4-ը, որի խորհուրդը մանկավարժների ու կրթությամբ մտահոգ մարդկանց մեկտեղումն է, նոր փորձի ու վառ գաղափարների տարածումը... Փառատոնին մասնակցեցին նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը, բաժնի մասնագետներ Կարինե Պողոսյանը և Աստղիկ Բալայանը:

   

    Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների ու հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, որն իր խոսքում կարևորեց ուսուցիչների դերը կրթական բարեփոխումների իրականացման արդի փուլում: Մեջբերելով Պլատոնի «Քարանձավի այլաբանությունը»՝ Լիլիթ Մկրտչյանը շեշտեց, որ հնարավորինս շուտ պետք է ձերբազատվել կապանքներից, ավելի ազատ ու ստեղծագործ միջավայրում կրթել ժամանակակից սերնդին:

    Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ դպրոցը պետք է թևեր տա երեխայի մտքին ու հոգուն, երազելու և երազանքներն իրականացելու ցանկություն ու հնարավորություն ընձեռի յուրաքանչյուր սովորողի... 

    Գնահատման հարցերին նվիրված տաղավարներում տասնյակ ուսուցիչներ լսեցին գնահատման նոր գաղափարախոսության ազդեցության մասին սովորողների տարբեր կարողունակությունների զարգացման վրա, ստացան իրենց հարցերի պատասխանները: 

  Մանկավարժական մտքի փառատոն 4-ի ողջ ընթացքում մասնակիցներն իրականացրին ձևավորող գնահատում՝ գրառումներ կատարելով խոսնակների ներկայացումների վերաբերյալ, իսկ փառատոնի փակման ժամանակ կազմակերպվեց առցանց ամփոփիչ գնահատում, որի արդյունքում առավելագույն միավորներով ընտրվեցին փառատոնի երեք ամենաօգտակար տաղավարները:
    
  Մանկավարժական մտքի փառատոն 4-ին մասնակցում էին նաև արցախցի ուսուցիչներ, որոնք նման միջոցառումների շնորհիվ ավելի արագ ու հեշտ կինտեգրվեն ուսուցչական մեծ համայնք: 

    
    Փառատոնին մանկավարժների կողքին նաև նրանց սաներն էին՝ լավագույն կողմերով ու օրինակներով ցույց տալով իրենց ուսուցիչների արդյունավետ աշխատանքի պտուղները:


Comments