«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի պտուղները

    Երևանի Ն. Գոգոլի անվան հ. 35 դպրոցում տոն էր, որին մասնակցեց նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակից, «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի փորձագետներից Աստղիկ Բալայանը:

    Տոնի շրջանակում ներկայացվեցին տարվա ձեռքբերումները ընթերցանությունից: Երեխաները ոչ միայն շատ գրքեր են կարդացել, այլև նպատակային աշխատանք են տարել կարդալու որակը զարգացնելու ուղղությամբ. արհեստավարժ ուսուցիչների հետ համատեղ չափել են կարդալու արագությունը, պարզել կարդացածի բովանդակության ընկալման խորությունը, պլանավորել են արդյունքը լավարկելու քայլերը... 


    
    Կարդալու որակական հատկանիշները զարգացնելու արդյունքում երեխաները ավելի լավ են հասկանում կարդացածի բովանդակությունը, արտահայտիչ կարդում կամ անգիր ներկայացնում ստեղծագործությունները:


    Գեղեցիկ երգ ու պարով, ասմունքով ու բեմադրություներով համեմված միջոցառման մաս էր կազմում նաև սովորողների աշխատանքների ցուցադրումը. իրենց հետաքրքրությունները բավարարելու ուղղությամբ սովորողները փոքրիկ հետազոտություններ էին իրականացրել, ստեղծել փոքրիկ գրքույկներ՝ դրանք ևս ընթերցանություն նյութ դարձնելով միմյանց համար: Հմտորեն համադրվել էին կերպարվեստն ու մայրենին, մաթեմատիկան և մայրենին, ես և շրջակա աշխարհը, մայրենին ու տեխնոլոգիան... 

    «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը տալիս է իր ցանկալի պտուղները նույնիսկ այն դեպքում, երբ չկա վերահսկողություն. ուրեմն այն ընդունված է և հաջողում է...

 



Comments