Կարդալու հմտությունների ձևավորումը «Ունոն, Բենոն և ազատության թևերը» հեքիաթի ուսումնասիրման օրինակով
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակում Երևանի երեք դպրոցներում անցկացվեցին սեմինարներ տարրական դասարանների ուսուցիչների համար: Սեմինարների ժամանակ ուսուցիչներին ներկայացվեցին արձակագիր Արմեն (Օհանյան) Հայաստանցու և նկարազարդող Հար Թումի «Ունոն, Բենոն և ազատության թևերը» հեքիաթը և դրա ուսումնասիրումը նպատակաուղղող ձեռնարկը ուսուցչի համար, որը մշակել են ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետները:
Սեմինար – հանդիպումներին մասնակցել է տարրական դասարանների շուրջ 60 ուսուցիչ Երևանի հ.հ. 168, 196, 35 դպրոցներում, և հենց այդ դպրոցներում էլ հեքիաթի ուսումնասիրությունից հետո կկայանան սովորողների և ուսուցիչների հանդիպումները հեղինակների հետ: Դպրոցների գրադարաններին նվեր են տրվել 10-ական գրքեր՝ հետագայում ևս տարբեր դասարաններում ազատության մասին հեքիաթն ընթերցելու և այդ կարևոր արժեքի ձևավորման շուրջ աշխատանք ծավալելու նպատակով:
Սեմինար - հանդիպումներին մասնակցած ուսուցիչներին շատ դուր եկավ հեքիաթը, որի յուրահատուկ կառուցվածքը, հետաքրքիր ու դինամիկ սյուժեն կգրավեն նաև սովորողներին՝ ներկայացված գեղեցիկ ձևավորմամբ գրքի տեսքով: Ուսուցիչների հավաստմամբ՝ գրքի շուրջ արդյունավետ ու բազմաշերտ աշխատանքին մեծապես կնպաստի իրենց համար մշակված ուղեցույցը, որի բովանդակությունը առհասարակ օգտակար կլինի նաև իրենց ընթացիկ աշխատանքը կազմակերպելիս:
Comments
Post a Comment