«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» համաժողով

    Մայիսի 31-ին Երևանի պետական համալսարանում կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպված «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական 3-րդ համաժողովը: Համաժողովի նպատակն էր տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, հանրակրթական պետական չափորոշչի ներդրման գործընթացում միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը և խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովը կազմակերպվում է տարին երկու անգամ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան և Ուսուցչի տոնին: 

    Համաժողովի հանրապետական փուլին նախորդել է մարզային փուլը, որի ընթացքում հարյուրավոր ուսուցիչներ մենթոր դպրոցներում ներկայացրել են իրենց թեմաները:


    Համաժողովի շրջանակում կայացել է նաև «Գնահատման նոր մոտեցումների կիրառումը ուսուցման գործընթացում» խորագրով աշխատարանը՝ հետևյալ կազմով և բովանդակությամբ

1. «Գնահատում» - Լուսինե Ալեքսանյան՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման բաժնի պետ

2. «Հայտորոշիչ գնահատում» - Անահիտ Իսպիրյան՝ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվ. հ/դ դասվար 

3. «Ձևավորոշ գնահատում» - Արման Սիմոնյան՝ Հաղպատի մ/դ ուսուցիչ

4. «Ամփոփիչ գնահատում» - Հերմինե Աբրահամյան՝ «Ակունքի» մ/դ ուսուցիչ:

    Աշխատարանի աշխատանքը համակարգում էր ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման բաժնի մասնագետ Աստղիկ Բալայանը:    



    Ակտիվ և գործնական մթնոլորտում աշխատարանի մասնակիցները ստացան համապարփակ տեղեկատվություն գնահատման, նրա տեսակների և ուսուցման գործընացում դրանք արդյունավետ կիրառելու ձևերի մասին, ստացան իրենց հարցերի ամբողջական պատասխանները: 
     



    Աշխատարանի առանձնահատտկությունն այն էր, որ թեման նույնն էր՝ գնահատումը, և այն խոսնակները բացահայտեցին բոլոր կողմերից՝ լրացնելով միմյանց, անդրադառնալով գնահատման գործընթացի վերաբերյալ այն հարցերին, որոնք հավաքագրել էին դպրոցներից: 

Comments