Հունիսի 5-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի Գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը և բաժնի մասնագետներ՝ Սաթենիկ Հայթյանն ու Աստղիկ բալայանը հանդիպեցին «Եվրոպական կրթական հիմնադրամ» (ԵԿՀ)-ի ներկայացուցիչներ Օլեսիա Բեխի և Ալիչե Ալդենուչիի հետ:
ԵԿՀ-ն Եվրոպական Միության գործակալություն է, որը հիմնադրվել է 1994
թվականին և գտնվում է Իտալիայի Թուրին քաղաքում։ Նրա առաքելությունն է աջակցել ԵՄ
հարևան երկրներին (որոնց թվում է նաև Հայաստանը) բարեփոխելու իրենց կրթության,
ուսուցման և աշխատաշուկայի համակարգերը՝ մարդկային կապիտալի զարգացումը
բարելավելու համար։ ԵԿՀ-ն աշխատում է զբաղվածության բարձրացման, մրցունակության
խթանման և սոցիալական ներառման ուղղությամբ՝ համագործակցելով կառավարությունների,
սոցիալական գործընկերների և ուսումնական հաստատությունների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները,
մասնավորապես՝ ուսուցիչների շրջանում նոր չափորոշիչների ներդրման գործընթացում
առկա խնդիրները թեթևացնելու, ուսուցիչների կարողությունները զարգացնելուն ուղղված գործունեության շրջանակում:
Ներկայացվեցին տարբեր ծրագրեր, որոնք աջակցում են ուսուցիչներին՝ փոփոխություններին
ադապտացվելու և կարողունակությունների զարգացմանն ուղղված
գործիքներն իրենց դասերում առավել հեշտ կիրառելուն: Ներկայացվեց «Scaffold» ծրագիրը, որը
պաշտոնապես հայտնի է որպես «Scaffolding for Democratic Competence»
նախագիծ, նախատեսված է աջակցելու ուսուցիչներին՝ զարգացնելու ժողովրդավարական
մշակույթը և միջմշակութային երկխոսությունը իրենց դասերի ընթացքում։ Այն ավանդական
իմաստով առանջնացված ուսումնական ծրագիր չէ, այլ շրջանակ և ռեսուրսների շարք, որն
ուղղված է մանկավարժներին՝ զարգացնելու իրենց սովորողների ժողովրդավարական
մշակույթի կարողունակությունները (CDC):
Խոսվեց նաև Ձևավորող գնահատման կիրառման հմտությունների զարգացման
մասին՝ որպես գիտելիքների, հմտությունների, արժեհամակարգի և դիրքորոշումների ձևավորման առավել արդյունավետ ձևաչափի, և ՁԳ-ն կիրառելու կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման
հնարավության մասին:
Նյութը պատրաստեց Լուսինե Ալեքսանյանը
Comments
Post a Comment