Սովորողների հմտությունների և վերաբերմունքի գնահատման ստուգաթերթ (ՁԳ)

Հղում_Հմտությունների և վերաբերմունքի գնահատման ստուգաթերթ

Հղում_Հմտությունների և վերաբերմունքի գնահատման ստուգաթերթ_pdf

Սովորողների հմտությունների և վերաբերմունքի գնահատման ստուգաթերթ (ՁԳ)

   Ներկայացնում ենք ձևավորող գնահատում իրականացնող ուսուցչի դիտարկման թերթիկի օրինակ, որը կարելի է կիրառել տարբեր ուսումնական փուլերի համար և տարբեր նպատակներով: Այս տարբերակը մշակվել է սովորողների տարբեր հմտությունների և վերաբերմունքների ձևավորման ընթացքը դիտարկելու և ի վերջո՝ գնահատելու համար: Ուսուցիչը ազատ է ընտրության մեջ, կարող է ընտրել չափանիշները՝ անհրաժեշտ դիտարկման ենթակա հմտություններն ու վերաբերմունքները՝ կախված ուսումնական փուլի նպատակներից: Ստուգաթերթը կարող է կազմվել, օրինակ, միայն սոցիալական հմտությունների վերաբերյալ չափանիշներից կամ վարքագծային, արժեհամակարգային չափանիշներից: Ստուգաթերթը կարող է լրացվել մեկ-երկու ամսվա համար, կամ կիսամյակի: Վերջում՝ ամփոփման փուլում, ստուգաթերթի վերլուծությունից հետո, կազմվում է յուրաքանչյուր սովորողի բնութագիրը:

Ստուգաթերթով աշխատելու ձևը. Ներկայացված ստուգաթերթում նշված չափանիշները ավելի հարմար են համագործակցային աշխատանքների, էքսկուրսիաների, փորձերի, գործնական աշխատանքների ժամանակ սովորողներին դիտարկելու համար: Սակայն չափանիշները կարող են մշակվել այլ նպատակներին, գործունեության այլ ձևերին համապատասխանեցված: Կարելի է մշակել նաև ակադեմիական նպատակներ կոնկրետ առարկաների մասով, օրինակ՝ մաթեմատիկայի, կենսաբանության, լեզուների համար և բխեցնել ընդհանրական վերջնարդյունքներից և դիտարկել: Յուրաքանչյուր չափանիշի դիմաց սովորողը կարող է մի քանի նշումներ ունենալ, իսկ որոշ չափանիշների  վերաբերյալ չունենալ, ինչը ցուցանիշ կարող է լինել, թե սովորողի մեջ ո՛ր որակներն է պետք զարգացնել, որո՛նք բարելավել, իսկ որո՛նք են, որոնց ուղղությամբ սովորողը մեծ հաջողություններ է ցուցաբերել: Ուսուցիչը նշում պետք է անի ամեն անգամ, երբ նկատում է այդ չափանիշի կիրառում, որպեսզի նշումների խտությունից նույնպես կարողանա եզրակացություն անել: Այս չափանիշների օգնությամբ հեշտությամբ կարող է ձևավորվել բնութագիր, որոնց վերաբերյալ ուսուցիչը մի քանի մեկնաբանություն և դիտարկում ունենալով՝ կարող է բավականին ծավալուն և օբյեկտիվ բնութագիր ձևակերպել: Օգտվելով մեր ներկայացրած ստուգաթերթի նշումներից՝ Սովորղ 1-ի և Սովորող 2-ի համար կունենանք այսպիսի բնութագրեր.

Սովորող 1

Սովորողը (անուն, ազգանուն) հաճախ է գեներացնում նոր մտքեր, ունի ստեղծագործական ջիղ, հաճույքով և հաճախ է ստանձնում ընկերներին սովորեցնելու և բացատրելու դերը: Նույնքան պահանջկոտ է թե՛ իր հանդեպ, թե՛ ընկերների, հաճույքով է նոր տեղեկություններ գտնում ուսումնասիրվող նյութի մասին: Արագ է կողմնորոշվում և անաչառ է ինքն իրեն և ընկերներին գնահատելիս: Հաճույքով է աշխատում բոլոր ընկերների հետ անխտիր, բարի է և արդարամիտ:

 Սովորող 2

Սովորողը (անուն, ազգանուն) չափազանց պատասխանատու է և մեծ ուշադրությամբ է կատարում հանձնարարությունները, տեղեկություններ է հավաքում, ընդունում և ենթարկվում է կանոններին: Համագործակցում է բոլորի հետ անխտիր, կարողանում է լսել, սիրում, խրախուսում և ոգևորում է ընկերներին: Մաքրասեր է, հոգատար թե՛ ընկերների, թե՛ բնության ու կենդանիների, թե՛ մեծահասակների հանդեպ, բարի է, սրտացավ և խնայող վերաբերմունք ունի իր շրջապատի մարդկանց և համայնքի հանդեպ:  Հարգալից է ուսուցիչների և մեծահասակների հանդեպ:

Բնութագրերը ընդգծում են սովորողների հաջողությունները և ձևավորվում են դրական համատեքստում, սակայն ուսուցչի ուշադրությունից չպետք է վրիպեն այն վանդակները, որոնցում նշումներ չկան կամ հատուկենտ են: Ուսուցչի ամենակարևոր դիտարկումները պետք է լինեն այն ուղղությամբ, թե ինչպես է հնարավոր բարելավել սովորողի ցուցանիշները, և թե ինչպես սովորողը կարող է ձեռք բերել այն որակներն ու հմտությունները, որոնք պակաս արտահայտված են ստուգաթերթում:

 

Հեղինակ՝ Լուսինե Ալեքսանյան


Comments

  1. Ցանկալի է՝ տաք նաև ստուգաթերթերն ու ռուբրիկները ներբեռնելու հնարավորություն, որպեսզի կարողանանք օգտվել արդեն կազմված նմուշներից:

    ReplyDelete

Post a Comment